Նորություններ
ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազա
05.04.2019
ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազա, որտեղ նրանց դիմավորել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, բազայի ղեկավարությունը: Վարչապետը շրջել է ռազմաբազայի տարածքում, եղել «Մարտական փառքի թանգարանում», թանգարանի սրահներում ծանոթացել պատմական փաստեր ներկայացնող նյութերին ու լուսանկարներին, որից հետո գրառում է կատարել այցելուների մատյանում: Կառավարության ներկայացուցիչները եղել են նաև Սուրբ Ալեքսանդրայի եկեղեցում, որը կառուցվել է Նիկոլայ Առաջին ցարի հրամանով 1837 թվականին:
Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև «Հայավտոակայարան» ՓԲԸ Գյումրու մասնաճյուղ, ծանոթացել պայմաններին: Գյումրու ավտոկայարանը համակարգում է 3 միջմարզային, 1 միջպետական և 46 ներմարզային երթուղի: Կառույցը տնակային է: Այնուհետև վարչապետը շրջել է ավտոկայանի տնակային 104-րդ ավանում, ծանոթացել տեղի բնակիչների կենցաղային պայմաններին։ Ավանում առկա է 164 տնակ, դրանցից 137-ը բնակեցված է: Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ խնդրի կարգավորման առումով քայլեր ձեռնարկվում են:
Պատվիրակության հաջորդ կանգառը Շիրակ օդանավակայանում է եղել, որտեղ քննարկվել են նոր վարչական շենքի կառուցման, ներքին հարդարման աշխատանքների իրականացմանն առնչվող հարցեր: Վարչապետը կարևորել է օդանավակայանը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելուն ուղղված քայլերի իրականացումը: