Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

05.04.2019

Ապրիլի 5-ին Գյումրի է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը: Նրան ուղեկցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Նազելի Բաղդասարյանը, Սոֆիա Հովսեփյանը, Սարիկ Մինասյանը, պաշտոնատար այլ անձինք: Երևանի երկաթուղային կայարանից առաջին չվերթ կատարող Երևան-Գյումրի-Երևան երթուղով Գյումրի ժամանած ՀՀ վարչապետը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ շրջել է վագոնային և լոկոմոտիվային դեպոներում:
Նշենք, որ «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն դառնալով հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարիչ պարտավորվել է 2008-2038 թթ-ին Հայաստանի երկաթուղային զարգացմանն ու արդիականացմանն ուղղել 174,5 մլրդ դրամ, որից 122,3 մլրդ դրամը՝ ենթակառուցվածքի և 52,2 միլիարդը՝ շարժակազմի ոլորտին: 2008-2017 թթ-ին փաստացի ներդրումների ծավալը կազմել է 115,9 մլրդ դրամ կամ ներդրումների ընդհանուր ծավալի 66,4%: Միայն 2018 թվականին ենթակառուցվածքի պահպանմանն ու զարգացմանն ուղղվել է մոտ $5,6 մլն, իսկ շարժակազմի արդիականացմանը՝ $6,6 մլն, այդ թվում մոտ $5 մլն ծախսվել է երկու նոր էլեկտրագնացքների գնմանը:
Այնուհետև վարչապետը շրջել է Գյումրու Տիգրան Մեծ փողոցում, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ, այստեղ նրան գյումրեցիները մեծ ոգևորությամբ են դիմավորել: Վարչապետը զրուցել է գյումրեցիների հետ, լսել նրանց մտահոգությունները: Կառավարության ղեկավարը կարևորել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում մարդկանց համար հնարավորինս քիչ անհարմարությունների ստեղծումը:
«Մենք ունենք քաղաքաշինական նորմեր, որոնք պետք է ապահովենք, ներդնենք քաղաքաշինական նոր մշակույթ և քաղաքացիների համար ապահովենք պայմաններ», - նշել է Նիկոլ Փաշինյանը և պատասխանատուներից պահանջել հետագայում հաշվի առնել այս ամենը:
Գյումրու Տիգրան Մեծ փողոցի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ: Ավելի քան 1 կմ երկարություն ունեցող փողոցում շինաշխատանքներն սկսվել են 2018թ. հուլիսի 24-ին, ավարտին կհասցվեն մինչև ընթացիկ տարվա հունիսի 30-ը: Տիգրան Մեծ փողոցում առաջիկայում նախատեսվում է իրականացնել եզրաքարերի փոխարինում, ասֆալտի շերտի տեղադրում և լուսավորության ցանցի կահավորում: ՎԶԵԲ-ի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ընդհանուր առմամբ Գյումրիում հիմնանորոգվելու է շուրջ 40 փողոց:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է «Չերքեզի ձոր» ընկերություն, որն զբաղվում է ձկնաբուծությամբ և ձկան վերամշակմամբ, այդ թվում՝ իշխանի խավիարի արտադրությամբ: Վարչապետը շրջել է ընկերությունում և ծանոթացել արտադրական գործընթացին: Տեղեկացվել է, որ վերջին տարիներին արտադրանքի 80 տոկոսն արտահանվել է ԱՄՆ, ՌԴ, Բելառուս, Ղազախստան: Ընկերությունը նախատեսում է նոր ներդրումային ծրագրով զարգացնել ոչ ավանդական արտադրությունը, ավելացնել ինկուբացիոն արտադրությունը և ընդլայնել մանրաձկան արտադրությունը: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23