Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվել է մարզի խորհրդի 2019 թվականի առաջին նիստը

09.04.2019

 Ապրիլի 9-ին անցկացվել է մարզի խորհրդի այս տարվա առաջին նիստը: Օրակարգային առաջին հարցը վերաբերել է մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2019 թվականի առաջին եռամսյակի կատարմանը: Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ ապրիլի 1-ի դրությամբ համայնքները սեփական եկամուտները կատարել են 84.1%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 4% աճ: Գյումրին սեփական եկամուտները կատարել է 88.4%, Արթիկը` 83.8%-ով: Մարզի 24 համայնքներ չեն ապահովել երեք ամիսներին արձանագրված սեփական եկամուտների կատարման միջին ցուցանիշը, թվով 8 համայնքներ չեն ապահովել սեփական եկամուտների կատարման նույնիսկ 50 %-ի ցուցանիշը:
«Ինձ համար մտահոգվելու առիթ է, որ նույն աշխարհագրական պայմաններն ունեցող տարածաշրջաններում խիստ տարբեր ցուցանիշներ են արձանագրվում: Ամասիայում սեփական եկամուտները հավաքագրվել են 125 տոկոս, Արփի համայնքում 41 տոկոսով: Բնականաբար, այս փաստերը խոսում են աշխատանքի մասին: Առանձին հանդիպման ու քննարկման եմ հրավիրում սեփական եկամուտները 50 տոկոսից ցածր կատարած համայնքների ղեկավարներին»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Մարզխորհրդի օրակարգային հաջորդ հարցն առնչվել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը զեկուցել է, որ 2019թ. կատարվել է 15865 հա աշնանացան ցորենի ցանք, որը նախորդ տարվանից պակաս է շուրջ 2600 հա-ով: Համայնքների ղեկավարներին հանգամանալից ներկայացվել է պետական աջակցությամբ իրականացվող բոլոր ծրագրերը, անդրադարձ է եղել լիզինգի տրամադրման, ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, ոռոգման համակարգերի նորոգմանն առնչվող ծրագրերին:
Շիրակի մարզպետը կարևորել է պետական բոլոր ծրագրերի մասին համայնքների բնակիչներին հստակ տեղեկատվություն հասցնելը:
Մարզխորհրդի նիստի հաջորդ հարցը համայնքներում պետական, համայնքային և այլ անձանց սեփականությունը հանդիսացող տարածքներում տեղակայված ոչ հիմնական շինությունների փաստագրման գործընթացին է վերաբերել: Քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը նշել է, որ գործընթացի շրջանակներում փաստագրվել են 3517 ժամանակավոր կացարաններ, որից Գյումրի քաղաքում՝ 2858, Արթիկ քաղաքում՝ 5 և թվով 17 գյուղական բնակավայրերում՝ 654:
Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանն էլ զեկուցել է համայնքների կողմից տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի մշակման ու ներկայացման աշխատանքների մասին: Ըստ այդմ, տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացվել 55 ծրագրային հայտ, ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 336.3 մլն դրամ, որից պետության մասնակցությունը կազմում է 1 մլրդ 242.0 մլն դրամ:
Սուբվենցիոն 55 հայտեր ներկայացրել են մարզի 27 համայնքներ: Եթե մի շարք համայնքներ հայտեր չեն ներկայացրել ֆոնդային բյուջեում բավարար միջոցներ չունենալու պատճառով, ապա մարզի 6 համայնքներ ունենալով համապատասխան միջոցներ չեն դիմել որևէ ծրագրի իրականացման համար:
«Ինչպես է հնարավոր, որ միջոցները լինեն և ծրագրային առաջարկներ չունենաք, միթե դուք չեք ուզում ձեր մեկն, այսպես ասած, երկուս դառնա, հատկապես, եթե պետությունն այս հարցում ձեր կողքին է կանգնած և համաֆինանսավորվում են ծրագրերը: Անթույլատրելի է նման գործելակերպն ու մոտեցումը»,- ընդգել է Տիգրան Պետրոսյանը:

Զեկույցներ

«Շիրակի մարզպետարանը փոփոխված մոտեցումներով պատրաստ է ամենօրյա ռեժիմով աշխատել ցանկացած համայնքի ու ցանկացած խնդրի լուծման համար: Այս հարցում պետք է լինի համայնքների ղեկավարների ճկուն աշխատանքն ու պատրաստակամությունը: ՀՀ քաղաքացիների հետ պետք է առավել բաց ու թափանցիկ աշխատել»,- Տիգրան Պետրոսյան:
Շիրակի մարզպետի խոսքը մարզի խորհրդի նիստի ժամանակ
:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23