Նորություններ
Մարզպետն այցելել է «Արմամաստ» ՍՊԸ Գյումրու գարեջրի ածիկի արտադրության գործարան
10.04.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր այցելել է «Արմամաստ» ՍՊԸ Գյումրու գարեջրի ածիկի արտադրության գործարան: Մարզպետին տնօրինության կողմից ներկայացվել են ածիկի արտադրության գործարանի կառուցման աշխատանքների ընթացքը: Գործարանի շինաշխատանքների մեկնարկը տրվել էր դեռ 2017 թվականից: Գերմանական և չեխական տեխնոլոգիաներով, եվրոպական չափորոշիչներին համապատասխան կառուցվող գործարանն իրականացնելու է գարու նախնական մշակում, տեսակավորում, զտում և ածիկի պահեստավորում: Ողջ հզորությամբ աշխատելու դեպքում այն տարեկան կտա 15-20 հազար տոննա արտադրանք, ինչը թույլ կտա ոչ միայն Հայաստանն ապահովել բարձրորակ ածիկի անհրաժեշտ քանակով, այլև` կազմակերպել արտահանում: «Արմամաստ» ՍՊԸ ղեկավար Հայկ Թորոսյանը Շիրակի մարզպետին ներկայացնելով կատարված աշխատանքները՝ դիմել է մարզի գյուղական բնակավայրերին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման հարցով: Տիգրան Պետորսյանը վստահեցրել է, որ մարզային իշխանությունները պատրաստ են աջակցելու գործարարին և կլինեն այն կամուրջը, որն անհրաժեշտ է համայնքների հետ աշխատանքում: «Մենք մեր հնարավորությունների և լիազորությունների սահմաններում կապ կստեղծենք համայքնների ու ֆերմերների հետ, որպեսզի հող մշակողներն իմանան պայմաններն ու պահանջները գարի աճեցնելու համար: Եթե ստացվի համագործակցությունը, ապա դրանից կշահեն և մեր գյուղացիական տնտեսությունները և ֆերմերները և դուք»,- նշել է Տիգրան Պետորոսյանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվության տրամադրման և հետագա համագործակցության համար հանդիպում և քննարկում կազմակերպելու համար: