Նորություններ
ՀՀ Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը Շիրակի մարզպետին հյուր
12.04.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ապրիլի 12-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Պետրոսյանը կարևորել է դեսպանի դերը Հայաստանի և Իտալիայի երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:
«Հարգելի պարոն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ, գիտեմ, որ առաջին անգամ չէ, որ Գյումրիում եք, ուրախ եմ, որ մեր քաղաքը ձեզ դուր է եկել և հետքրքրված եք Գյումրու ճարտարապետական ու քաղաքաշինական ներուժով: Մենք, որպես մարզային իշխանություններ, պատրաստ ենք համագործակցության և մեր լիազորությունների և հնարավորությունների սահմաններում կանենք ամեն ինչ, որ բարեկամությունն ու գործակցությունը նոր թափ ստանան»:
Դեսպան Վինչենցո Դել Մոնակոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և անդրադարձել է դեսպանության նախաձեռնությամբ Երևանում և Գյումրիում հունիս ամսին անցկացվելիք բիզնես ֆորումին ու դրա կազմակերպչական աշխատանքներին: Կողմերը քննարկել են ֆորումի օրակարգի ձևավորմանն առնչվող հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերել համագործակցելու և ուշադրություն դարձնելու կոնկրետ ծրագրերի ու նախաձեռնությունների: