Նորություններ
Ընտանեկան բռնության խնդիրների շուրջ քննարկում Շիրակի մարզպետարանում
17.04.2019
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից , իրականացնում են միջգերատեսչական հանդիպումներ ընտանեկան բռնության խնդիրների շուրջ ՀՀ մարզերում և Երևանում: Միջգերատեսչական հանդիպումները կազմակերպվում են ՀՀ ոստիկանության հետ համագործակցությամբ՝ նպատակ ունենալով խթանել ընտանեկան բռնության դեպքերին տարբեր գերատեսչությունների կողմից արձագանքման արդյունավետությունը, վեր հանել օրենքի կիրառման խնդիրները և հավաքագրել առաջարկություններ՝ վերջինիս բարելավման ուղղությամբ: Հերթական հանդիպումը Շիրակի մարզում էր, որին մասնակցում էին ոստիկանության աշխատակիցներ, սոցիալական ծառայությունների աշխատակիցներ, սոցիալական աշխատողներ, կրթության և առողջապահության ոլորտների, ինչպես նաև մարզում գործող ընտանիքում բռնության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ողջունելով քննարկման մասնակիցներին` Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը կարևորել է նմանօրինակ խնդիրների բարձրաձայնումը, քննարկումն ու բոլոր պատասխանատու կառույցների համագործակցությունը:
ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, ներկայացնելով նախորդ տարվա հունիսից մինչև ապրիլի մեկի տվյալների վիճակագրությունը, նշել է, որ Շիրակի մարզում կազմվել է 108 ամփոփագիր, տրվել է 38 նախազգուշացում, արվել 16 անհետաձգելի միջամտություն, հաշվառվել է 49 անձ, որոնք ընտանքիում բռնություն են գործադրել:
Ըստ Նելլի Դուրյանի` մյուս մարզերի համեմատ Շիրակի ցուցանիշները դրական կարելի է համարել, ինչը պատկան մարմինների, հասարակական կազմակերպությունների համագործակցության արդյունք է:
Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանով: