Նորություններ
Տեղի ունեցավ «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի հերթական նիստը
25.04.2019
Այսօր ՀՀ Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի ղեկավար կոմիտեի 2-րդ նիստը, որին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Ավստրիական զարգացման համագործակցության, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ներկայացուցիչները, ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, մարզպետարանի ոլորտային պատասխանատուները: ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, ծրագրի իրականացմանն աջակցող բոլոր կողմերին:
«Ողջունում եմ բոլորիդ, հավատացած եմ, որ ծրագիրը կնպաստի Շիրակի մարզի անասնապահությամբ զբաղվող համայնքների զարգացմանը, կլուծի նաև սոցիալական խնդիրներ, անասնապահությունը կդառնա շահութաբեր»,-նշեց Վարդան Գրիգորյանը:
Նիստի ընթացքում ծրագրի ղեկավար Վարդան Թոռչյանը ներկայացրեց իրականացված ծրագրային միջամտությունները, որից հետո քննարկվեցին ծրագրի մինչ օրս գրանցած արդյունքները:
Ծրագիրը մեկնարկել է 2017թվականից և կավարտվի 2020-ին՝ նպաստելով Հայաստանի հյուսիսային մարզերում անասնապահությամբ զբաղվող համայնքների կայուն գյուղատնտեսական աճին՝ մասնավոր հատվածի զարգացման խթանման և հայ-վրացական տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի , Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալության և Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ, որի թիրախում են Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի շուրջ 100,000 ընդհանուր բնակչությամբ 100 գյուղական բնակավայրերի անասնապահությամբ զբաղվող տնային տնտեսություններ: