Նորություններ
«Բուհերի ներգրավվածությունը Շիրակի մարզում ՏՏ և նորարական բիզնեսի էկոհամակարգի բարելավման և զարգացման գործում»
25.04.2019
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի նախաձեռնությամբ այսօր կայացել է հանդիպում՝ «Բուհերի ներգրավվածությունը Շիրակի մարզում ՏՏ և նորարական բիզնեսի էկոհամակարգի բարելավման և զարգացման գործում» թեմայով: Հանդիպմանը մասնակցել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու բուհերի և Տեխնոլոգիական կենտրոնի պատասխանատուներ, ուսանողներ: Հանդիպման ժամանակ քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարական բիզնեսի և կրթության ոլորտներում առկա փոխկապակցված խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները:
Ողջունելով բուհի նախաձեռնությունը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է. «Շիրակի մարզի ամենամեծ ներուժը մարդկայինն է, մեր բարձրագույն կրթությունն ունի չօգտագործված պոտենցիալ, մենք պետք է ամեն ինչ անենք այն ճիշտ ու ժամանակի պահանջներին համապատասխան ծառայեցնելու համար: Իսկ ժամանակը մեզ թելադրում է կրթության բոլոր բնագավառներում հաշվի նստել տեխնոլոգիական զարգացումների հետ: Շատ կարևոր է, որ ոլորտային դերակատարները ևս այս ամենը հաշվի են առնում և քայլեր են ձեռնարկում կրթության ու նորարարական տեխնոլոգիաների միջև աղճատվածությունը վերացնելու ուղղությամբ»:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտի զարգացմամբ մտահոգ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, բուհերի և այլ դերակատարների միջև համագործակցության հարթակ ներդնելու վերաբերյալ: Նախատեսվում է ստեղծել խնդրով զբաղվող աշխատանքային խումբ, որում կլինեն ոլորտային պատասխանատուներ: