Նորություններ
Անցկացվել է «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» - 2019 մրցույթի եզրափակիչ փուլը
26.04.2019
Ապրիլի 26-ին Գյումրիում անցկացվել է «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» - 2019 հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը: Արդեն 5-րդ տարին անցկացվող մրցույթի ընտրական փուլին այս տարի մասնակցել են 300-ից ավելի երեխաներ: Այսօր մրցույթին մասնակցել են Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի, Կոտայքի, Լոռու մարզերը ներկայացնող 12 թիմեր:
Ողջունելով մրցույթի մասնակիցներին ու կազմակերպիչներին՝ Շիրակի մարզպետը հաջողություններ է մաղթել նրանց. «Այսպիսի մրցաշարերը շատ կարևոր են, քանզի դեռ դպրոցից առողջ ապրելակերպի քարոզ է իրականացվում, երեխաները հասկանում են, որ առողջ մարմնում առողջ հոգի է, լավ մրցակցային և համագործակցության միջավայր է ստեղծվում, մեր երեխաները հավատում են իրենց ուժերին»:
Թիմերը մրցել են խաղային փոխանցավազք, փոխանցավազք արգելքների հաղթահարումով և այլ առաջադրանքներով: Մրցույթի մասնակից երեխաներին հանձնվել է մարզահագուստ: 1-3 տեղերը գրավել են Գյումրու թիմերը, համապատասխանաբար՝ Գյումրու «Երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի Գյումրու «Փոքրիկ իշխան» կենտրոնը և «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ և կրթության կենտրոնը: 1-3 տեղերը զբաղեցրած թիմերը պարգևատրվել են մեդալներով, գավաթներով և դրամական մրցանակներով՝ անհրաժեշտ մարզագույք ձեռք բերելու համար: