Նորություններ
Խորհրդակցություն ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում
02.05.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցակցվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում, որին մասնակցել են ոստիկանության և մարզպետարանի պատասխանատուները, մարզպետի հանրային սկզբունքով խորհրդատուները: Հանդիպման ընթացքում քննարկվել են տուրիստական սեզոնին ընդառաջ մարզի, մասնավորապես, Գյումրու անվտանգությանն առնչվող հարցեր:
«Երբ մենք ուսումնասիրում ենք 2018-ի տուրիստական հոսքերն ու 2019-ի ազդակներին ենք հետևում՝ հասկանալի է դառնում, որ այս տարի մեզ մոտ բավական լուրջ զբոսաշրջային հոսքեր են լինելու, ինչը նշանակում է, որ մենք պետք է պատրաստ լինենք բոլոր տեսանկյուններից: Մեր քաղաքը որքան հնարավոր է շուտ պետք է ներկայանալի դառնա, խոսքս փողոցաշինական աշխատանքներին է վերաբերում, ինչպես նաև պետք է լինի հնարավորինս անվտանգ»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Շիրակի մարզպետն այս առումով կարևորել է մարզային ոստիկանության հետ համագործակցությունը՝ նշելով, որ մարզային իշխանությունները կարևորում են ոստիկանության աչալուրջ և զգոն աշխատանքը:
«Ես, որպես մարզպետ, հայտնում եմ իմ պատրաստակամությունը համագործակցելու, անվտանգ մարզ, անվտանգ քաղաք ունենալու համար: Այս առումով անելիք ունենք բոլորս»,- ընդգծել է Շիրակի մարզպետը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ճանապարհային ոստիկանության աշխատանքին, անվտանգ երթևեկությանը, ճանապարհային գծանշումներին, տեսանկարահանող սարքեր տեղադրելուն:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը վստահեցրել է, որ ոստիկանությունը պատրաստ է համագործակցելու բոլոր կառույցների հետ, կամք և եռանդ դնելու աշխատանքներում:
Պայմանավորվածություն է ձեռքբերվել ոլորտային խնդիրների լուծման համար ստեղծելու աշխատանքային խումբ, որի կազմում կլինեն ոստիկանության, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ: