Նորություններ
Տեղի ունեցավ «BootCamp»-ը՝ համայնքային երիտասարդական ծրագրերի ներկայացում-մրցույթը
05.05.2019
Մայիսի 5-ից 6-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կանցկացվի Յունիսեֆի «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագրի շրջանակներում իրականացվող «BootCamp»-ը՝ համայնքային երիտասարդական ծրագրերի ներկայացում-մրցույթը։ Երկօրյա միջոցառմանը մեկնարկին՝ ողջույնի խոսքով հանդես է եկել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը․ «Ես վստահ եմ այս ծրագրի շարունակության և հաջողության վրա, որովհետև այն շատ ճիշտ թիրախ խումբ, ճիշտ ազդակ ու կոչ ունի՝ պատանիները, որոնք պետք է սկսեն զգալ պատասխանատվություն իրենց սեփական համայնքի նկատմամբ և այդ պատասխանատվությունը փոփոխություններ առաջարկելու և կյանքի կոչելու համար է լինելու,այս տարիքից շատ կարևոր է նման ճանապարհով առաջ գնալը, շատ կարևոր է, որ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և ԵՆԿ-ի թիմերը շատ հետևողական աշխատում են ու պատրաստում են երեխաներին՝ գաղափարներ մշակելու և կյանքի կոչելու, վստահ եմ՝ նրանք վաղը կլինեն փոփոխությունների ակտիվ դերակատարներ»։
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Նաջարյանն էլ նշել է, որ վստահ է ծրագրի հաջողության մեջ, քանզի անցած ժամանակահատվածում տեսել է դպրոցականների ոգևորությունը։
Նշենք, որ երկու օրերի ընթացքում Շիրակի և Լոռու մարզերից 47 պատանիներ կշարունակեն աշխատել իրենց ծրագրային գաղափարների վրա և կներկայացնեն նորարարական մոտեցումներով համայնքային խնդիրների լուծման իրենց ծրագրային գաղափարները, որոնք մայիսի 6-ին կգնահատի ժյուրին։ Ներկայացված 10 ծրագրային գաղափարներից 5-ը կստանա ֆինասավորում։
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության և Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի համատեղ ջանքերով մեկնարկած Յունիսեֆի դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային գլոբալ UPSHIFT ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում 12-18 տարեկան դեռահասների նախաձեռնողականության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը՝ վերջիններիս ներգրավելով իրենց համայնքների կյանքի որակի բարելավմանն ուղղված գործընթացների մեջ:










