Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այց համայնքներ

08.05.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, համայնքներ այցելությունների շրջանակներում, մայիսի 8-ին եղել է Առափի համայնքում, որտեղ հանդիպում-քննարկում է անցկացվել համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, բնակիչների մասնակցությամբ։ Հանդիպման ժամանակ բնակիչները մարզպետին են դիմել իրենց մտահոգող մի շարք հարցերով, որոնք, մասնավորապես, վերաբերել են համայնքի գազաֆիկացմանը, բերքի իրացմանը, Ախուրյան գետի՝ գյուղի միջով անցնող հունի մաքրմանը։
«Համայնքային այցելությունները բացի նրանից, որ ճանաչողական բնույթ ունեն նաև խնդիրներին տեղում ծանոթանալու, մեր մարզի բնակիչների հոգսերն անձամբ իրենցից լսելու նպատակ են հետապնդում։ Ինձ հետ համայնքներ են գալիս ստորաբաժանումների ղեկավարները, նրանք ոչ միայն կգրանցեն իրենց բնագավառներին առնչվող հարցերը, այլև կփորձեն հետևողական լինել դրանց լուծման ուղղությամբ, պարզաբանումներ տալ, ներկայացնել այժմ իրականացվող պետական ծրագրերն ու առաջիկա անելիքները»,- նշել է Շիրակի մարզպետը։
Մարզային իշխանության ներկայացուցիչները եղել են Առափիի դպրոցում, որտեղ այժմ սովորում է 117 աշակերտ։
Ոսկեհասկում համայնքի ղեկավարի, համայնքապետարանի աշխատակիցների և բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել գարնան գյուղատնտեսական աշխատանքներին, գյուղատնտեսության բնագավառում իրականացվող ծրագրերին։ Մարզպետը շրջել է նաև համայնքի դպրոցում։
Հայկավանում բնակիչներին հետաքրքրել է Հայկավան-Ոսկեհասկ ճանապարհի նորոգմանը, համայնքային կենտրոնի և ջեռուցման այլընտրանքային տարբերակների կառուցմանը վերաբերող հարցեր։
Տիգրան Պետրոսյանը, հայանքի ղեկավարի ուղեկցությամբ, եղել է ազնվամորու մշակման համար նախապատրաստած հողատարածքներում։ «Կանաչ արահետ» եւ «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպությունների ջանքերով և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող «Փոքր ֆերմերային տնտեսությունների կենսապայմանների բարելավում՝ կարողությունների զարգացման և կայուն տնտեսական կառույցների ստեղծման միջոցով» ծրագիրը տևելու է 3 տարի, ներգրավվելու է 144 շահառու։ Նորաստեղծ տնկիների համար կիրառվելու հակակարկտային ցանցեր: Տիգրան Պետրոսյանը ողջունել է նախաձեռնությունը և կարևորել ավանդական գյուղատնտեսությունից անցումը բարձրարժեք մշակաբույսերի աճեցմանը։
Մարզային իշխանությունները տեղում ծանոթացել են նաև Ամասիա համայնքի Ողջի բնակավայրի վարչական տարածքով անցնող սելավատարի վիճակին։ Սելավատարի ճյուղավորված հատվածը, խցանված լինելու հետևանքով չի գործում և հնարավոր հեղեղումների դեպքում չի կարող ապահովել սելավային հոսքերի բեռնաթափումը, ինչը կարող է հեղեղումների պատճառ հանդիսանալ Հայկավան, Ոսկեհասկ և Ախուրիկ համայնքների համար: Դեռևս 2015 թվականին սելավատարը ապամոնտաժվել է (մոտ 100 մ), իսկ չապամոնտաժված հատվածը ծածկվել է հողաշերտով: Խնդրի ուսումնասիրությամբ մարզպետարանի պատասխանատուները զբաղվել են, այժմ էլ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ կազմվելու է սելավատարին վերաբերող ուսումնասիրությունների ամբողջական փաթեթ՝ մասնագիտական գնահատականի և խնդրի լուծման նպատակով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23