Նորություններ
Ընտանիքը հասարակության հիմքն է. Շիրակի մարզում նշվել է Ընտանիքի օրը
15.05.2019
Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ մայիսի 15-ին անցկացվել է «Ընտանիքը հասարակության հիմքն է» խորագիրը կրող ֆորում, որը նվիրված էր Ընտանիքի օրվան:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ողջունելով և շնորհավորելով տոնական օրվա կապակցությամբ նշել է, որ ընտանիքը բարձրագույն արժեք է յուրաքանչյուրի համար, առանց որի չկա առողջ հասարակություն. «Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Ընտանիքի օրը ևս մեկ առիթ է խոսելու ընտանիքի կարևորության և ամրության մասին։ Շիրակի մարզն այժմ բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնած, այդ մարտահրավերները մեր ընտանիքներին էլ են վերաբերում՝աղքատություն, անօթևանություն, այս ամենը մեր ընտանիքիներին ու երեխաներին են առնչվում։ Մենք անելիքներ ունենք բոլոր խնդիրները հաղթահարելու, մեր ընտանիքների ամրությունն ապահովելու համար։ Մեզ համար մեկ սկզբունք կա՝ ընտանիքը այլընտրանք չունի»,-նշել է Տիգրան Պետրոսյանը: Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը, շնորհակալություն հայտնելով ֆորումի մասնակիցներին, անդրադարձել է ընտանիքի կարևորությանը, նշելով, որ խաղաղ ու արժանապատիվ ընտանիքը պետության հիմքն է. «Տեսլականը մեկն է՝ մեր բալիկների փոքրիկ մարմիններում մաքառող գերհզոր կամքն ու տաղանդը, նրանց անսահման սերը իրենց ծնողների, ընտանիքի ու հայրենիքի հանդեպ ապագայում նորաստեղծ ընտանիքների կայունության ու հավերժության գրավականն է լինելու: Պայքարենք հայ ընտանիքի զորացման համար»,-նշել է Լիլիթ Գորգինյանը:
Ընտանիքի կարևորության մասին խոսել են նաև մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանը, ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը, ոլորտային պատասխանատուներ:
Նշենք, որ Ընտանիքի օրվան նվիրված ժամանցային միջոցառում է տեղի ունեցել նաև Գյումրու թատերական հրապարակում: