Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ամփոփել է աշխատանքային 100 օրը

16.05.2019

Աշխատանքային 100 օրվա ամփոփմամբ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր մամուլի ասուլիսով է հանդես եկել: Մինչ լրագրողներին հետաքրքրող հարցերին պատասխանելը՝ Տիգրան Պետրոսյանը անդրադարձել է անցած ժամանակահատվածում կատարված աշխատանքներին, տարբեր բնագավառներում առկա հիմնախնդիրներին: Խոսելով անօթևանության խնդրից Տիգրան Պետրոսյանը նշել է, որ այն Շիրակի գլխավոր մարտահրավերներից կարելի է համարել, որի հետ շաղկապված է աղքատությունը:
«Անօթևանությունը մեր մարզի ամենացավոտ խնդիրն է: Այսօր սոցիալական առումով ամենածանր դեպքերը հենց անօթևանության հետ կապ ունեն: Ես բնակիչների հետ անմիջական շփումների, քաղաքացիների ընդունելությունների ժամանակ, երբ տարբեր խնդիրներից եմ լսում, հավատացեք՝ բոլոր ծայրահեղ դեպքերը հենց անօթևանության մասով են: Պետությունն այսօր կամք ունի հարցին մոտենալու, և որպես այդ կամքի դրսևորման առաջին պայաման, այն աշխատանքներն են, որոնք իրականացվում են: Վարչապետի հանձանարարությամբ ստեղծված հանձնախումբը իրականացնել է քարտեզագրում: Շիրակի մարզի 19 համայնքում 3517 ժամանակավոր կացարան է գույքագրվել, որոնցից 2858-ը Գյումրիում: Խնդիրը, ցավոք, ավելի խորն է, կան նաև ընտանիքներ, ովքեր տնակներում չեն, բայց չունեն օթևան և բնակվում են ծանոթների ու բարեկամներիների տանը կամ այլ կառույցներում»,-նշել է Տիգրան Պետրոսյանը:
Մարզպետը կարևորել է սուբվենցիոն ծրագրերի իրականացումը և տեղեկացրել, որ Շիրակի մարզը 49 սուբվենցիոն հայտ է ներկայացրել. «Մարզի համայքների կողմից ներկայացված հայտերի շրջանակներում ընդհանուր 1 մլդ 90 մլն դրամի ներդրում է կատարվելու մարզում, ևս 1 մլրդ 310 մլն դրամ էլ ծրագրերի իրականացման դեպքում պետությունը կներդնի: Ներկայացված ծրագրերի մեծ մասը՝ փողոցաշինության, ջրամատակարման, ոռոգման համակարգերի նորոգման, լուսավորություն, վերականգնող էներգիայի, մեքենասարքավորումների ձեռքբերման և այլ աշխատանքների հետ են կապված: Հատկապես ուրախալի է, որ համայնքներն արդեն կարևորում են այս ծրագրերի իրականացումը և բյուջեներում սկսել են գումարներ նախատեսել նոր ծրագրեր կյանքի կոչելու համար»:
Շիրակի մարզպետն անդրադարձել է նաև ներդրումային ծրագրերին և ընգծել, որ ամեն ինչ արվում է մարզում սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու ուղղությամբ: «Ինձ համար ուրախալի է, որ տեքստիլ արդյունաբերության ոլորտում դրական տեղաշարժ կա և նոր ծրագրեր են կյանքի կոչվում: Խոսքն ինչպես Մարալիկի մանվածքային գործարանի, Գյումրիում ջինսերի արտադրության և մի շարք այլ նախաձեռնությունների մասին է»,- ասել է Տիգրան Պետրոսյանը:
Խոսվել է գյուղատնտեսություն բնագավառի հիմնախնդիրների մասին: Շիրակի մարզպետը նշել է, որ այստեղ ևս հաջողված ծրագրեր կան: Անդրադարձ է եղել ՏՏ ոլորտի ձեռքբերումներին, զբոսաշրջության կարևորությանը, ինչպես նաև Եվրամիության կողմից առաջիկայում իրականացվելիք ծրագրերին:
Տիգրան Պետրոսյանը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին, որոնք, մասնավորապես վերաբերել են Գյումրու փողոցաշինական աշխատանքներին, Հյուսիս-հարավ Տրանշ 5-ին, մարզպետարանների կառուցվածքներում սպասվելիք փոփոխություններին և այլն:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23