Նորություններ
«ժողովրդավարական քաղաքացիության ուսուցում. առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագրի մասնակիցները Շիրակի մարզպետին հյուր
23.05.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հյուրընկալել է Շիրակի մարզի այն ավագ դպրոցների աշակերտներին ու մանկավարժներին, որոնք ընդգրկված են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ժողովրդավարական քաղաքացիության ուսուցում. առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագրում:
Ողջունելով ծրագրի մասնակից մանկավարժներին և աշակերտներին` Տիգրան Պետրոսյանը նշել է, որ կարևորում է ակտիվ, քաղաքականորեն հասուն և իրազեկված երիտասարդ սերունդ ունենալը. «Ինձ համար անչափ կարևոր է շփվել պատանիների ու երիտասարդների հետ, քանի որ դուք եք մեր վաղվա օրվա կերտողը, իսկ դա նշանակում է, որ ձեր նկատմամաբ մեր ուշադրությունն առավելագույնը պետք է լինի: Մեր այսօրվա երիտասարդները շատ ավելի առաջադեմ ու պահանջատեր են և անցած տարի մեր երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները դրա վառ ապացույցն էին»:
Տիգրան Պետրոսյանը աշակերտներին հորդորել է անցնել անմիջական շփման և մարզպետին դիմել իրենց հետաքրքրող հարցերով: Ծավալվել է անմիջական քննարկում, որի ժամանակ դպրոցականները մարզպետի հետ զրուցել են քաղաքական իրադարձություններից, կրթության բնագավառում առկա հիմնահարցերից, շրջակա միջավայրի պահպանությունից:
Նշենք, որ «Ժողովրդավարական քաղաքացիության ուսուցում. առաջին անգամ ընտրող» ծրագիրն իրականացնում է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը՝ Հայաստանի Հանրապետության կրթության ու գիտության նախարարության հետ համագործակցությամբ:
Մասնակից 50 ավագ դպրոցի 10.000 աշակերտ ամբողջ հանրապետությունից մասնակցել են ժողովրդավարության, մարդու իրավունքների, ընտրական համակարգերի, քաղաքացու իրավունքներին ու պարտականություններին նվիրված դասընթացների և դերախաղերի: