Նորություններ
Մարզպետն այցելել է Շիրակի երկրագիտական թանգարան,
18.06.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր այցելել է Շիրակի երկրագիտական թանգարան, շրջել թանգարանում: Թանգարանի մասնագետները մարզպետին ներկայացրել են ցուցանմուշներն ու հնագիտական գտածոները:
Շիրակի երկրագիտական թանգարանն այն կառույցն է, որտեղ ամփոփված են պատմական Շիրակ գավառի նյութական և հոգևոր մշակույթն արտացոլող շուրջ 30000 ցուցանմուշներ, այդ թվում` մինչև 5000 տարվա վաղեմության խեցեգործական եզակի նմուշներ, դրամներ, գորգեր, կարպետներ ու զարդեր:
«Շիրակի մարզի համար եզակի նշանակություն ունեցող թանգարան ունենք, որը, ցավոք, չունի ցուցասրահ, այստեղ այնքան դիտարժան ցուցանմուշներ կան, որոնց մասին պետք է բոլորն իմանան: Թանգարանն, ըստ էության, պահպանության վայր է, այս պարագայում պահպանության մասին չենք կարող խոսել, քանի որ չունենք շենքային պայմաններ: Բայց մեկ բան բոլորիս համար հստակ է, երբ խոսում ենք Շիրակի մարզի տարատեսակ առավելությունների մասին՝ պետք է ի նկատի ունենանք, որ մեր տարածաշրջանը պատմություն ունեցող տարածաշրջան է, որը ևս մեր առավելություններից է: Երբ ծանոթացա ցուցանմուշներին, ինձ համար հասկանալի է, որ այստեղ պահվող շատ գտածոներ կարող են նաև մեր մարզի բազմաթիվ համայնքների համար ներկայացվելու և հաջողության բանալի դառնալու հնարավորություն լինեն»,-լրագրողների հետ զրույցում տպավորություններով է կիսվել Տիգրան Պետրոսյանը:
Մարզպետն անդրադարձել է նաև թանգարանի հիմնական խնդրին՝ նոր մասնաշենք ունենալուն. «Երկրագիտական թանգարանը նոր ու բարվոք շենքային պայմաններ ունենալու խնդիր ունի և դա բոլորս գիտենք, այժմ գործընթացը կա և պետք է նշեմ, որ ՀՀ նախագահի անմիջական մասնակցությամբ այժմ ընթացքի մեջ են Գյուլբենկյանի անվան նախկին հիվանդանոցի շենքի վերանորոգման նախագծային աշխատանքները, դրանից հետո կանցնենք քննարկումների՝ շենքի վերանորոգման համար ֆինանսական միջոցների մասով»:
Նշենք, որ 1930 թ. հիմնված թանգարանը գոյության ողջ ընթացքում իր շենքը չի ունեցել: Ցուցանմուշներն անմատչելի են հասարակությանը