Նորություններ
Այց «Միասին» հիմնադրամի կողմից հիմնված «Բոն ապետի» հացի սոցիալական արտադրամաս
25.06.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր այցելել է «Միասին» հիմնադրամի կողմից հիմնված «Բոն ապետի» հացի սոցիալական արտադրամաս, ծանոթացել արտադրամասի գործունեությանը, զրուցել պատասխանատուների հետ, հետաքրքրվել արտադրության ծավալներով, ձեռքբերումներով, առաջիկա անելիքներով և խնդիրներով:
«Ողջունում եմ ձեր նախաձեռնությունը, ուրախ եմ, որ մեր քաղաքում սոցիալական ձեռնարկատիրությունը սկսում է քայլ-քայլ առաջ գնալ, ուրախ կլինեմ, եթե լսեմ ձեր նոր նախաձեռնությունների ու հաջողությունների մասին»,- նշել է մարզպետը:
Պատասխանատուները Տիգրան Պետրոսյանին տեղեկացրել են, որ արտադրամասի հացաբուլկեղենով հետաքրքրված են տարածքի բնակիչների մեծ մասը, սակայն դեռ արտադրանքի ծավալները բավարար համարել չի կարելի, դրա համար փորձում են նոր նախաձեռնություններով հանդես գալ:
«Բոն ապպետի»-ում առկա է ֆրանսիական, իտալական, հայկական հացերի և թխվածքների տեսականի: Առաջարկվում են նաև դիետիկ հացեր ածիկով, տարեկանի ալյուրով ու թեփով, ձիթապտղով հացեր, չրահացեր, սերմերով հացեր: Նշենք, որ այստեղ ուսուցանում են անապահով ընտանիքների երիտասարդներ, ովքեր չունեն մասնագիտություն, աշխատանք և մասնագիտանում են հացթուխի ու հրուշակագործի մասնագիտությամբ` համատեղելով միաժամանակ աշխատանքն ու ուսուցումը: