Նորություններ
Շրջայց վերակառուցվող փողոցների շինհրապարակներում
25.06.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի, տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի և շինարարություն իրականացնող պատասխանատուների հետ շրջել է Գյումրիում «ՎԶԵԲ»-ի ֆինանսավորմամբ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վերակառուցվող փողոցների շինհրապարակներ:
Շրջայց է կատարվել Գյումրու Երևանյան խճուղի, Վազգեն Սարգսյան, Գերցեն, Տիգրան Մեծ, Սայաթ-Նովա, Գարեգին Նժդեհ փողոցներում: Մարզպետը եղել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ վերակառուցվող փողոցներում՝ Շիրազի, Գայի և Հակոբյան փողոցներ, «Վարդանանց» հրապարակ:
Շիրակի մարզպետը մարզպետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցների, շինարարների, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների հետ քննարկել է փողոցաշինությանը, ժամկետներին ու աշխատանքների որակին վերաբերող հարցեր:
2018 թվականից Գյումրի համայնքում «ՎԶԵԲ»-ի ֆինանսավորմամբ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում ընթացքի մեջ են թվով 12 փողոցների կամ փողոցների հատվածների և 2 հրապարակների վերակառուցման աշխատաքները՝ շուրջ 11 կմ երկարությամբ:
2018 թվականից շարունակվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող 5 փողոցների կամ փողոցների հատվածների՝ շուրջ 1.8 կմ երկարությամբ և 2 հրապարակների վերակառուցման աշխատանքները:
Տիգրան Պետրոսյանն այցելել է նաև Շիրազի փողոցին հարող բնակելի տներում ստեղծված հյուրատներ: