Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը

11.07.2019

Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը, որի օրակարգային առաջին հարցը վերաբերել է մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2019 թվականի վեց ամիսների կատարմանը: 2019թ. հուլիսի 1-ի դրությամբ Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել է 85.7%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտների հավաքագրման 11.5%-ի աճ է արձանագրվել: Մարզի նախկին վարչական տարածաշրջաններից 2019թ. սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ախուրյանի տարածաշրջանում` 71.8%:
Կարևորելով եկամուտների հավաքագրման ցուցանիշների դրական տեղաշարժը՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է. «Ուրախալի է, որ նախորդ տարվա համեմատ աճ ունենք, սակայն այս ամենով բավարարվել չի կարելի, մենք դեռ համայնքներ ունենք, որոնք միջին մարզային ցուցանիշից ցածր արդյունքներ են արձանագրել, այնինչ հարկերի հավաքագրումն անհրաժեշտ է տվյալ համայնքին, հատկապես, երբ երկրում հիմա լուրջ գործընթաց է իրականացվում սուբվենցիաների տրամադրման առումով»:
Մարզի 26 համայնքներ չեն ապահովել 2019թ. վեց ամիսներին արձանագրված սեփական եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը` 85.7%-ը, այդ թվում թվով 3 համայնքներ չեն ապահովել սեփական եկամուտների կատարման նույնիսկ 50 %-ի ցուցանիշը:
Ոռոգման աշխատանքների ընթացքի մասին է զեկուցել գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը, ըստ այդմ 2019թ. «Շիրակ» ՋՕԸ-ի և մարզի ջրօգտագործողների միջև կնքվել է պայմանագիր՝ 2100 հա-ի հողատարածք ոռոգելու նպատակով: 2019 թվականի հունիս ամիսը Շիրակի մարզի համար եղել է ամենաանբարենպաստը, արձանագրվել է աննախադեպ քանակով՝ 8 կարկտահարության դեպք, ինչի արդյունքում տուժել են մարզի գրեթե բոլոր համայնքների ցանքատարածությունները: Այժմ ընթանում են կարկտահարության հասցրած վնասների ամփոփման աշխատանքները, դրանք կուղարկվեն կառավարություն:
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է 2019 թվականին իրականացվող ճանապարհաշինության ընթացքին: Քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի խոսքերով, 2019 թվականին մարզում ճանապարհաշինության բնագավառում ներդրումների ծավալը կկազմի շուրջ 11.23 միլիարդ ՀՀ դրամ:
Պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին հիմնանորոգվում են Հոռոմ -Հովտաշեն տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 0.67 կմ երկարությամբ ճանապարհահատվածը՝ 38.2 մլն դրամ գումարով, ինչպես նաև Կրաշեն-Մ7 տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 0.184 կմ երկարությամբ ճանապարհահատվածը՝ 10.932 մլն դրամ գումարով:
2019 թվականին շարունակվում են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ֆինանսավորմամբ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրով Գյումրի քաղաքի թվով 12 փողոցների կամ փողոցների հատվածների՝ շուրջ 11.2 կմ երկարությամբ և թվով 2 հրապարակների վերակառուցման աշխատանքները:
Շիրակի մարզպետն առանձնահատուկ կարևորել է մարզում որակյալ ճանապարհաշինական աշխատանքների իրականացումը. «Մենք վերահսկողության լուրջ խնդիր ունենք, որպեսզի շինարարն իր աշխատանքին սրտացավորեն մոտենա և թերացումները բացառվեն: Որակի վերահսկողությունը մեզ համար պետք է առաջնային լինի: Շիրակում անորակ ճանապարհաշինություն չպետք է իրականացվի»:
Մարզխորհդի ընթացքում անդրադարձ է եղել նաև մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին, ինչպես նաև համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հողօգտագործման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Զեկույցները կցվում են

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 09:59:31