Նորություններ
Անօթևանության և տնակների հաշվառման նպատակով ստեղծված հաննձնաժողովի արտագնա նիստ
03.08.2019
Շիրակի և Լոռու մարզերի անօթևանության և տնակների հաշվառման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը օգոստոսի 3-ին արտագնա նիստ է անցկացրել Գյումրիում: Աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը, աշխատանքային խմբի անդամները, Շիրակի և Լոռու մարզային իշխանության ներկայացուցիչներ։ Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացված առաջարկությունների փաթեթի իրագործմանն ուղղված հետագա քայլերը։ Անդրադարձ է եղել աղետի գոտու բնակավայրերում տեղադրված ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման՝ բնակարանային պայմանների բարելավման, տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինություններն օրինականացնելու, վերաբնակեցնելու առաջարկությունների փաթեթի իրագործմանն ուղղված միջոցառումներին։ Դրանք իրականացվելու են մի քանի փուլերով։ Նախատեսվում է բնակարան ստացած, սակայն դեռևս չսեփականաշնորհած անձանց մասով ոչ հիմնական շինությունների և չօգտագործվող ոչ հիմնական շինությունների քանդման վերջնաժամկետի սահմանում, սեփականության իրավունքով բնակելի նշանակության անշարժ գույք ունեցող անձանց տնակների ազատման և քանդման ժամկետի և ընթացակարգի սահմանում և այլն։
Խոսելով շահառուների ցուցակում ընդգրկված առաջնահերթ բնակարանային խնդիր ունեցող ընտանիքների բնակարանային խնդրի լուծման վերաբերյալ՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը կարևորել է գործընթացի իրականացման հստակեցումները, ինչպես նաև բգվ-ներ տրամադրելու դեպքում որոշակի սահմանափակումներ մտցնելու հանգամանքը․ «Եթե շահառուներին տրամադրվեն բգվ-ներ, ուրեմն մեզ համար շատ կարևոր է մեխանիզմների հստակեցումը, մեզ մոտ եղել են դեպքեր, երբ բնակիչները բնակարաններ են ձեռք բերել վթարային շենքերից, ինչն իրապես խնդիր է, սա պետք է բացառել։ Ընդհանուր առմամբ Շիրակի մարզի, մասնավորապես Գյումրու համար կարևորագույն խնդիր է նաև վթարային շենքերի խնդիրը»։
Աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ 2020 թվականից պետությունը նախատեսում է մարզերում մեկնարկել նոր շենքերի շինարարություն, ինչը հնարավորություն կտա հիպոթեքային ծրագրի իրականացում, որը գործում է մայրաքաղաքում, իսկ մարզերում հնարավոր չէ, քանզի նոր շենքերի կառուցապատում չի իրականացվում։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է սկսել Գյումրուց։