Նորություններ
Մեկնարկեց «Մինասի գույներով» խորագիրը կրող «Երիտասարդ նկարիչների միջազգային 8-րդ պլեներ»-ը
28.08.2019
Օգոստոսի 28-ին ՀՀ Շիրակի մարզում մեկնարկեց «Մինասի գույներով» խորագիրը կրող «Երիտասարդ նկարիչների միջազգային 8-րդ պլեներ»-ը։
Կայացավ Հայաստանի տարբեր մարզերի, Ջավախքի և Սփյուռքի երիտասարդ նկարիչների հանդիպումը միմյանց հետ, նրանց շրջագայութունը Գյումրու պատմամշակութային վայրերով։ Պլեների մասնակիցները այցելեցին «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ», որտեղ ծրագրի ղեկավար «Ինքնություն և աշխարհայացք» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Մ․ Հովհաննիսյանը մասնակիցներին ներկայացրեց ինչպես քույրերի կենսագրությունն ու անցած ստեղծագործական ուղին, այնպես էլ կտավները, նկարներն ու ձեռքի աշխատանքները։
Ծրագրի կազմակերպիչ արվեստաբանների կողմից մասնակիցները ստացան տեսական և գործնական գիտելիքներ, ծանոթացան Մինաս Ավետիսյանի ստեղծագործական գործունեությանը, հնարավորություն ընձեռվեց ներշնչվել Շիրակի բնությամբ և ստեղծագործել բաց երկնքի տակ:
Օրը ամփոփվեց միջմշակութային երեկո-միջոցառմամբ, որի ընթացքում յուրաքանչյուր պատվիրակություն և ջոկատ մեծ խանդավառությամբ ներկայացրեց իր տարածքին և բնակավայրին բնորոշ մշակույթը` իր ամբողջ բազմազանությամբ, կատարվեց հյուրասիրություն, որն ուղեկցվեց երգ ու պարով, ազգային և ավանդական ներկայացումներով: Միջմշակութային երեկոն էլ ավելի մտերմիկ միջավայր ստեղծեց, որը հիմք ծառայեց երիտասարդների միջև միջմշակութային համագործակցության հարթակի ձևավորման:
Ծրագիրը կրում է «Մինասի գույներով» խորագիրը, որը լավագույնս հնարավորություն կտա հայ և օտարերկրյա երիտասարդներին՝ հանձին շիրակցի մեծ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի, ճանաչելու և արժևորելու հայ մշակույթի գանձերը: Ակտիվ հանգիստը կուղեկցվի ստեղծագործական և մրցակցային բովանդակությամբ, երիտասարդները ճամբարային բարեկամական և միջմշակութային պայմաններում կմասնակցեն պլեներային դասերի, կնկարեն պատմության և մշակույթի հուշարձանները, ՀՀ բնությունն՝ իր բազմազանությամբ և գույներով, կայցելեն թանգարաններ, լավագույն վարպետների կողմից կստանան տեսական և գործնական գիտելիքներ, կունենան արդյունավետ փորձի փոխանակում, կմշակեն համատեղ ծրագրեր: Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի երիտասարդ արվեստագետների միջև կձևավորվի մրցակցային ոգի, հնարավորություն կընձեռվի միջազգային մակարդակով փորձի փոխանակման, նոր հմտությունների ձեռք բերման:
2012 թվականից ՀՀ Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ «Մշակութային միջոցառումների իրականացում» պետական ծրագրով ՀՀ պետական բյուջեից մարզպետարանին հատկացվող միջոցների հաշվին Շիրակի մարզում ամեն տարի օգոստոսի վերջին անց է կացվում «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային ամենամյա պլեներ /նկարչություն բաց երկնքի տակ/:
2019 թվականի օգոստոսի 28-31-ը Շիրակի մարզի Թորոսգյուղի «Աղաջանյան» ճամբարում «Ինքնություն և աշխարհայացք» երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից կանցկացվի «Մինասի գույներով» խորագիրը կրող «Երիտասարդ նկարիչների միջազգային 8-րդ պլեներ» մշակութային միջոցառումը: Պլեները կհամախմբի 18-30 տարեկան 45 երիտասարդ արվեստագետների՝ ՀՀ ողջ տարածքից, Արցախի Հանրապետությունից, Վրաստանի Ջավախքի տարածաշրջանից, և Սփյուռքից: