Նորություններ
2019-2020 ուսումնական տարին Ոսկեհասկի դպրոցականները դիմավորել են վերանորոգած դպրոցում
01.09.2019
2019-2020 ուսումնական տարին Ոսկեհասկի դպրոցականները դիմավորել են վերանորոգած դպրոցում։ Ուսումնական տարվա տոնական մեկնարկին մասնակցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։ Ոսկեհասկի դպրոցը նորոգվել է ծնունդով ոսկեհասկցի գործարար Արարատ Մկրտչյանի միջոցներով։ Բարերարի տրամադրած շուրջ 15 մլն դրամ գումարի շրջանակներում իրականացվել են դպրոցի ներքին հարդարման, պատուհանների փոփոխման, սանհանգույցների նորոգման և ցանկապատման աշխատանքները։
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը շնորհավորել է սեպտեմբերի մեկի առթիվ և նշել, որ չափազանց կարևոր է, երբ բարերարությունը կրթության բնագավառ է հասնում և նորոգվում են կրթական հաստատությունները․ «Մեր մարզում կան դեռ ուսումնական հաստատություններ, որոնք նորոգման կարիք ունեն և երբ ականատես ենք լինում բարերարության, որի արդյունքում նորոգվում է կրթական հաստատությունը՝ իսկապես ողջունելի ու գովելի է։ Ես մի քանի ամիս առաջ եղել եմ Ոսկեհասկի դպրոցում և ակնհայտորեն երևում էր, թե դպրոցն ինչպիսի վիճակում էր և նորոգման խիստ անհրաժեշտություն էր զգացվում։ Հիմա մեր դպրոցականները նորոգված ու հարմարավետ դպրոցում են սովորելու։ Մեզ համար սա շատ ուրախալի փաստ է, որ գործարարը ներդորւմը կատարել է կրթական հաստատության նորոգման համար, այսինքն կարևորել է կրթությունը»։
Հայրենանվեր գործունեության, բարեգործությունների, ինչպես նաև Ոսկեհասկի միջնակարգ դպրոցի վերանորոգմանն աջակցելու և մատաղ սերնդի կրթական պայմանները բարելավելու համար Շիրակի մարզպետը շնորհակալագիր է հանձնել բարերար Արարատ Մկրտչյանին։