Նորություններ
ԲԳ վկայագրեր մարզի չորս բնակավարյերեի 15 ընտանիքի
05.09.2019
2019 թվականի օգոստոսի 8-ի ՀՀ Կառավարության թիվ 1024-Ն որոշման համաձայն, սեպտեմբերի 5-ին Շիրակի մարզպետարանում բնակարանի գնման վկայագրեր հանձնվեցին մարզի չորս՝ Ախուրյան, Հացիկ, Գետք և Քեթի բնակավայրերի երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած 15 ընտանիքի: Ընտանիքներից մեկը, համաձայն նախնական պայմանավորվածության, վկայագրի փոխարեն խնդրել էր տրամադրել վկայագրի համարժեք գումար, կիսակառույցն ավարտին հասցնելու համար: Բավարարվել էր քաղաքացու խնդրանքը, և ի տարբերություն վկայագիր ստացողների, որոնց համար բնակարան ձեռք բերելու ժամկետը սահմանվել է չորս ամիս՝ մինչև դեկտեմբերի 20-ը, քաղաքացուն, կիսակառույցի շինարարությունն ավարտին հասցնելու համար տրվել էր մեկ տարի ժամկետ: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը վկայագրեր հանձնեց մնացած շահառուներին, շնորհավորեց վերջիններիս և հաջողություն մաղթեց բնակարան ձեռք բերելու գործում, քանի որ ժամկետները սեղմ են և պետք է անպայման օգտագործել կառավարության ընձեռած հնարավորությունը: Վկայագրերի գումարները կրկին հաշվարկվել են կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված մարզի տարածքում գործող գների միջինացվածի արժեքի համաձայն, որն ըստ սենյակների թվի կազմում է՝ 3 մլն. 550 հազար դրամ մեկ սենյականոցի, 4 մլն. 336 հազար երկու, 5մլն. 125 հազար երեք և 5 մլն. 913 հազար չորս սենյականոց բնակարանի համար: Պարոն Պետրոսյանը ներկաներին հայտնեց լավ լուր, մարզում, կառավարության հաջորդ տարվա իրականացվելիք բնակարանային ծրագրի վերաբերյալ, համաձայն որի 2020 թվականին ամբողջությամբ կլուծվի մարզի իննը համայնքների, երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած թվով 148 ընտանիքների անօթևանության հարցը, իրենց ցանկությամբ՝ կամ վկայագրի կամ համարժեք դրամական փոխատուցման տեսքով: Վկայագիր ստացող քաղաքացիներին մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը մանրամասն ներկայացրեց վկայագիր ձեռք բերելու գործընթացին վերաբերվող մանրամասներ, որոնցից ամենակարևորը հանդիսանում է՝ բնակարան գնող կամ կիսակառույց շինությունը վերակառուցող բոլոր ընտանիքների համար տնակների ազատումը տարածքներից մնում է պարտադիր պայման: