Նորություններ
Ավարտվեց դեռահասների զարգացման և զորակցման ծրագիրը
11.09.2019
Սեպտեմբերի 11-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման ծրագրի առաջին սերնդի ավարտական միջոցառումը: Միջոցառումը մեկնարկեց դեռահասների կողմից իրականացրած նախագծերի ցուցահանդեսով: Միջոցառմանը մասնակցում էր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, մարզային և քաղաքային իշխանությունների, ՀԿ ներկայացուցիչներ: 2018 թվականի դեկտեմբերին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն և Յունիսեֆի հայաստանյան գրասենյակը միավորեցին իրենց ջանքերը Հայաստանում ներդնելու Յունիսեֆի գլոբալ UPSHIFT ծրագիրը:
«UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման ծրագրի պիլոտային ծրագրի նպատակն էր նպաստել Հայաստանում 12-18 տարեկան դեռահասների նախաձեռնողականության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը՝ վերջիններիս ներգրավելով իրենց համայնքների կյանքի որակի բարելավմանն ուղղված գործընթացների մեջ: Առաջին սերնդի զորակցման ծրագրի իրականացման կապակցությամբ ելույթով հանդես եկան «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը, Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Լիվ Էլին Ինդրեյտը, «Գյումրու տեխնոլոգիական կենտրոն» ծրագրի ղեկավար Բելա Հարությունյանը: Մասնակիցներին ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ ողջունեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ցանկանալով նորանոր հաջողություններ իրականացվելիք հետագա ծրագրերի ընթացքում: Ներկայացված տաս նախագծերից ընտրվել էին հինգը, որոնք իրականացնելուց հետո դեռահասները ներկայացրեցին միջոցառման մասնակիցներին: