Նորություններ
Այց Անի խոշորացված համայնքի Բարձրաշեն բնակատեղի
17.09.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ այսօր այցելել է Անի խոշորացված համայնքի Բարձրաշեն բնակատեղի։ Բարձրաշենում 7 ընտանիք է բնակվում։ Գյումրիից 45 կմ հեռավորության վրա գտնվող բնակատեղին բնակավայրի կարգավիճակ չունի, սակայն ընտանիքները հեռանալու ցանկություն չունեն, այստեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ։
Կարևորելով մարզպետի այցելությունը` բնակիչները Տիգրան Պետրոսյանի հետ կիսեցին մտահոգություններն ու հոգսերը։ Գլխավոր խնդիրը նրանց համար խմելու ջրի հարցի լուծումն էր։ Խմելու ջուրը մարդկանց և կենդանիների համար այստեղ վերցնում են բակերում փորված ջրհորներից: Բնակատեղին չունի ոչ սեփական աղբյուրներ, ոչ ջրամատակարարման մայրուղիներ:
Տիգրան Պետրոսյանը նշեց, որ կքննարկվի գյուղում խորքային հոր փորելու և ընդերքից պոմպի միջոցով դեպի օրվա կարգավորիչ ջրամբար ջուր մղելու և գյուղի ազգաբնակչությանը խմելու և կենցաղային ջուր մատակարարելու հարցը: Հորատման աշխատանքների մեկնարկից առաջ կստուգվի ու կամբողջացվի բնակատեղիի վարչական տարածքի ընդերքում խմելու ջրի պաշարների քանակի և խորության վերաբերյալ ողջ տեղեկատվությունը։
Մարզային իշխանության ներկայացուցիչներն այցելել են նաև Պողոս-Պետրոս եկեղեցի, X-XIII դարերի եկեղեցին կիսականգուն վիճակում է։