Նորություններ
Հանդիսավորությամբ բացվել է Արևշատի մշակույթի տունը
19.09.2019
Արևշատի համայնքային կենտրոնում արդեն լիարժեք գործունություն ծավալելու հնարավորություն ունի Արևշատի մշակույթի տունը, որը նորոգվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Մշակույթի տան հանդիսավոր բացմանը մասնակցել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, Արցախյան ազատամարտի հերոս, Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, ժողովրդական նկարիչ, ծնունդով արևշատցի Հրանտ Թադևոսյանը, «Շիրակ հայրենակցական միավորում» ՀԿ նախագահ Վարազդատ Ավոյանը, միության անդամներ, պաշտոնատար այլ անձինք, արվեստագետներ, հյուրեր։ Մշակույթի տանը բացվել է նաև հանրաճանաչ նկարիչ Հրանտ Թադևոսյանի՝ Թաթոսի, գեղանկարների ցուցահանդեսը։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է․ «Այն, որ մշակույթի օջախ է բացվում, որն առաջին իսկ օրվանից ցույց է տալիս կենսունակությունը համայնքի երեխաների հիանալի ելույթներով, արդեն իսկ ուրախալի է։ Այս պայծառ երեխաներն իրենց կատարումներով մեզ ավելի լավատես են դարձնում։ Արևշատի մշակույթի տանը կրթվելու են սերունդներ, որոնք մեր երկիրը ավելի լավն են դարձնելու և դա սկսելու են իրենց համայնքից»։
Նշենք, որ Արևշատ համայնքի մշակույթի տան դահլիճի կահավորման սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 6 մլն դրամ է։ Նախատեսված գույքը ձեռք բերելու նպատակով պայմանագիր է կնքվել «ՄՄՍ գրուպ» ՍՊԸ-ի հետ, որն էլ նախատեսված ժամկետում մատակարարման գործընթացն ավարտին է հասցրել: