Նորություններ
«Լավագույն մարզական ընտանիք 2019» մրցույթի մարզային փուլի մրցանակակիր ընտանիքները պարգևատրվել են
25.09.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Լավագույն մարզական ընտանիք 2019» մրցույթի մարզային փուլի մրցանակակիր ընտանիքների պարգևատրման արարողությունը:
Շնորհավորելով շիրակցի մարզական ընտանիքներին հաջողություններ գրանցելու համար՝ Շիրակի մարզպետը նշել է․ «Ողջունում և շնորհավորում եմ բոլորիդ արդեն ունեցած հաջողությունների համար, մաղթում եմ նոր հաղթանակներ ու նոր նվաճումներ, դուք այն ընտանիքներն եք, որոնց քայլը լավագույն օրինակն է առողջ ապրելակերպի և մասսայական սպորտի տարածման ու զարգացման համար։ Ես հույս ունեմ, որ այս ավանդական դարձած մրցաշարը վարակիչ կդառնա շատ ընտանիքների համար, որոնք կսկսեն առանց մրցելու էլ մարզվել ու մտածել առողջ ապրելակերպի մասին»։
Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 13-14-ը անցկացվել են «Լավագույն մարզական ընտանիք» 2019 թվականի հանրապետական մրցույթի Շիրակի մարզային փուլի մրցումները Գյումրի, Արթիկ, Ախուրյան, Սառնաղբյուր և Մարմաշեն համայնքները ներկայացնող 15 թիմ-ընտանիքների մասնակցությամբ: Մրցույթը բաղկացած էր 5 մարզական խաղից և իրականացվում էր 4 տարիքային խմբերում։
Մրցույթի մարզային փուլում ըստ տարիքային խմբերի հաղթող և մրցանակակիր դարձած թիմ-ընտանիքները պարգևատրվեցին դրամական մրցանակներով՝ 1-ին տեղ՝ 150.000 դրամ, 2-րդ տեղ՝ 130.000 դրամ, 3-րդ տեղ՝ 100.000 դրամ։
Ըստ տարիքային խմբերի մրցույթի մարզային փուլում հաղթող ճանաչված թիմ ընտանիքները և հաշմանդամություն ունեցող անձով համալրված 2 թիմ ընտանիքները Շիրակի մարզը կներկայացնեն հոկտեմբերի 06-09-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցկացվելիք մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլում՝ 1-ին խումբ՝ «Ալեքսանյաններ» - Գյումրի, 2-րդ խումբ՝ «Գեղամյաններ» - Ախուրյան, 3-րդ խումբ՝ «Ջուհարյաններ» - Գյումրի, 4-րդ խումբ՝ «Գեղամյաններ» - Ախուրյան, իսկ հաշմանդամություն ունեցող անձով համալրված ընտանիքներն են՝ «Կարապետյաններ» - Գյումրի, «Ղազարյաններ» - Մարմաշեն, Վահրամաբերդ։