Նորություններ
Նշվեց տարեցների միջազգային օրը
01.10.2019
Հոկտեմբերի 1-ը «Տարեցների միջազգային օրն» է: Օրվա առթիվ մարզային իշխանության ներկայացուցիչները մարզպետ Տիգրան Պետորսայնի գլխավորությամբ այցելել են «Գյումրու տուն-ինտերնատ»։ Տուն-ինտերնատի բնակիչների համար միջոցառմամբ հանդես են եկել Գյումրու թիվ 28 դպրոցի սաները։
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ողջունել է ներկաներին, տարեցներին մաղթել է առողջություն․ «Այսօր հյուր ենք եկել, որպեսզի ևս մեկ անգամ կարևորենք ու արժևորենք ձեզ։ Յուրաքանչյուր տարեց արժանապատիվ ու ապահով ծերության իրավունք ունի և պետության ու մեր դերը ձեր խնդիրների լուծման համար քայլեր ձեռնարկելն է»։
Լրագրողների հետ զրույցում Տիգրան Պետրոսյանն անդրադառնալով տարեցների հիմնախնդիրներին՝ նշել է, որ կարևոր է տարեցների ոչ միայն սոցիալական ու առողջապահական հիմնահարցերի լուծումն, այլև նրանց ակտիվ կենսակերպի ապահովումը․ «Հիմա ամբողջ աշխարհում կարևորվում է տարեցների ակտիվ կենսակերպը, մեզ համար ևս պետք է կարևոր լինի այս հանգամանքը, որ մեր տարեցները ապահովված լինեն, ունենան արժանապատիվ ծերություն և իրենց պիտանի զգան, հասարակության համար օգտակարության զգացումը կարևոր է»։
«Գյումրու տուն-ինտերնատի» տնօրենի ուղեկցությամբ մարզպետը շրջել է իտերնատի տարածքում, ծանոթացել պայմաններին։