Նորություններ
Շիրակի մարզպետն այցելել է մարզի ամենատարեց բնակիչներին
01.10.2019
Շիրակի մարզի ամենատարեց բնակիչը Վառվառա Մոսոյանն է, արդեն 103 տարեկան է։ Վառվառա տատն ապրում է Ազատանում, ուժեղ կամքով ու պայքարող տատն անցած հարյուրամյակի ու դրան ավելացած երեք տարիների ընթացքում բազմաթիվ փորձություններ ու խնդիրներ է հաղթահարել, ինչպես ինքն է ասում՝ գլխով հազար փորձանք է անցել։ 1916 թվականի մայիսին ծնված Վառվառա տատիկը 3 երեխա է ունեցել, փոքր որդին է կենդանի հիմա, 13 թոռ, 32 ծոռ ու 15 կոռ ունի: 28 տարեկանում կորցրել է ամուսնուն, մի քանի ամիս անց էլ ականի պայթյունից ոտքից է զրկվել, բայց չի վհատվել ու լավատեսությամբ շարունակել է աշխատել ու պահել զավակներին։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին անցած ուրախ ու տխուր օրերի մասին է պատմում տատն ու շնորհակալ հայացքով նշում՝ մեծին հարգողը արժանապատիվ ծերություն կունենա։
Տիգրան Պետրոսյանն այցելել է նաև գյումրեցի Մարիամ Եղիազարյանին։ Մարիամ տատն այս տարի 100 տարեկան է դարձել։ Մարզպետը մարզի ամենատարեց բնակիչներին առողջություն է մաղթել և դրամական պարգև հանձնել։