Նորություններ
Խորհրդակցություն Շիրակի մարզի համայնքային անասնաբույժների և սպանդանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողների հետ
04.10.2019
Այսօր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի նախաձեռնությամբ մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն Շիրակի մարզի համայնքային անասնաբույժների և սպանդանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողների հետ, որին մասնակցում էին ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել մարզի անասնահամաճարակային իրավիճակի, «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով նախատեսված պատվաստման, ինչպես նաև հակաանասնահամաճարակային ախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումների պատշաճ իրականացման հետ կապված հարցեր:
Խոսելով կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրման ծրագրի մասին՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշել է, որ նախատեսվում է եկող տարվա ընթացքում ծրագիրը կյանքի կոչել, ինչը հնարավորություն կտա կենդանիների առողջության պահպանմանն ուղղված միջոցառումներն առավել արդյունավետ դարձնել:
Տեսչական մարմնի ղեկավարն էլ հորդորել է առավել պատասխանատվությամբ վերաբերվել պատվաստումների պլանավորման ու բրուցելոզի նկատմամբ ստուգումների կատարման ընթացքին՝ չուշացնելով դրանք:
Խորհրդակցության ընթացքում անասնաբույժները խոսել են իրենց համար կենսական նշանակություն ունեցող աշխատավարձերի բարձրացման խնդրից: Պատասխանատուների հետ քննարկել են նաև Շիրակի մարզում սպանդանոցային մորթի կազմակերպման աշխատանքների հետ կապված մտահոգությունները: