Նորություններ
Շիրակի մարզպետն այցելել է Գյումրու ծանրամարտի մարզադպրոց
04.10.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանի հետ այցելել է Գյումրու ծանրամարտի մարզադպրոց, հանդիպել մարզական հաստատության ղեկավարության և մարզիկների հետ։ Աշխարհի փոխչեմպիոն գերծանր քաշային կարգում 460 կգ արդյունքով, աշխարհի 2-րդ ամենաուժեղ մարդու, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի բազմակի մրցանակակիր Գոռ Մինասյանի հետ Տիգրան Պետրոսյանը զրուցել է սեպտեմբերի 18-27-ը Թաիլանդում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնության, մրցումների ու սպասելիքների մասին։ Տիգրան Պետրոսյանը Գոռին մաղթել է հաջողություններ առաջիկայում կայանալիք բոլոր մրցումներին և նշել, որ հպարտանում է մեր համաքաղաքացի մարզիկներով, քանզի նրա և մեր մարզի շատ արժանի մարզիկների շնորհիվ է, որ Հայաստանի ու Շիրակի պատիվը բարձր է պահվել աշխարհի տարբեր երկրներում։ Տիգրան Պետրոսյանը շրջել է մարզադպրոցում, ծանոթացել կառույցի հնարավորություններին, լսել մարզիչների բարձրացրած հարցերը։ Մարզպետն այցելել է նաև Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոց, այստեղ ևս շրջայց է կատարել և զրուցել մարզիկների հետ։ Տիգրան Պետրոսյանը աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանին հաջողություններ է մաղթել հոկտեմբերի 19-27-ը Ռումինիայում կայանալիք Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը և վստահություն հայտնել, որ պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոնը այս մրցումներում ևս ամենաբարձր ցուցանիշն է ցույց տալու։