Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը

10.10.2019

 Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Օրակարգային առաջին հարցը վերաբերել է մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2019 թվականի 9 ամիսների կատարմանը։ Ֆինանսական և սոցիալ–տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել է 85.6%-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 11․9 %-ով ավելի։ Հողի հարկը կատարվել է 80․8%-ով, գույքահարկը՝ 82․3%-ով։ Մարզի նախկին վարչական տարածաշրջաններից 2019թ. սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Անիի տարածաշրջանում` 65.9%։ Ընդհանուր առմամբ, 29 համայնքներ չեն ապահովել մարզի միջին ցուցանիշը, իսկ 1 համայնք չի ապահովել սեփական եկամուտների կատարման նույնիսկ 50 %-ի ցուցանիշը: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը կարևորելով սեփական եկամուտների հավաքագրման գործընթացում պարտաճանաչությունն ու աշխատանքներում թերացումների բացառումը` նշել է․ «Չեմ ուզում կրկնել ամեն անգամվա ասածը, սակայն բոլորիս համար պետք է պարզ լինի մեկ կարևոր փաստ՝ եկամուտների հավաքագրումը համայնքապետի ու համայնքապետարանի աշխատակիցների ընթացիկ գործերից մեկն է, պետք է ամեն ինչ անել այս առումով չթերանալու համար։ Ինչ վերաբերում է վարձակալական հողերի վճարներին, ապա համայնքապետերն այս առումով անելիք ունեն, քանզի պետք է անպարտաճանաչ ու անբարեխիղճ վարձակալողների հետ չշարունակել պայմանագիր կնքել»։
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին։ Անդրադառնալով գյուղատնտեսական տարվան գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը նշել է, որ 2019 թվականը վերջին երկու տասնամյակների ընթացքում ամենաանբարենպաստ տարին է եղել։ Կարկտահարության հետևանքով վնաս են կրել մարզի 54 բնակավարերի գյուղացիական տնտեսությունները, ընդհանուր 9553,799 հա, որի վնասի չափերը կազմում են մոտ 4,5 միլիարդ դրամ։ Մշակաբույսերի ցանքատարածությունները 2018թ. համեմատ պակասել է 5952 հա-ով: 2019 թվականին ցանվել է 33803 հա հացահատիկ, որի բերքահավաքն ավարտվել է, միջին բերքատվությունը կազմել է 17 ցենտներ նախորդ տարվա 30,2-ի դիմաց։
Մարզի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ իրականացված իրավական և մասնագիտական հսկողության, նրանց կողմից ընդունված իրավական ակտերի ՀՀ օրենսդրության համապատասխանության ուսումնասիրության արդյունքների և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Արամ Անտոնյանը, իսկ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքի մասին խոսել է զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Վահան Մարտիրոսյանը։
Կարևորելով սուբվենցիոն ծրագրերի իրականացումը՝ Շիրակի մարզպետը հորդորել է համայնքների ղեկավարներին հաջորդ տարվա բյուջեն պլանավորելիս հաշվի առնել դրանց իրականացման անհրաժեշտությունը․ «Սուբվենցիոն ծրագրերի իրականացումը համայնք-պետություն համագործակցության հիանալի օրինակ է, հաջորդ տարվա բյուջեն պլանավորելիս շատ ուշադիր եղեք, քանզի սահմանափակումներ չեն լինի և ինչքան շատ մեր մարզից սուբվենցիոն հայտեր ներկայացվեն, այնքան շատ մեր համայնքների խնդիրները կլուծվեն»։ Զեկույցները կցվում են

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42