Նորություններ
«Սինոփսիսն» ամփոփել է Գյումրիում սկսած համագործակցության ընթացքը և հայտարարել ծրագրերի մասին
05.11.2019
«Սինոփսիսն» այսօր ամփոփել է Գյումրիում սկսած համագործակցության ընթացքը և հայտարարել ծրագրերի մասին։
Այսօր Գյումրի են այցելել «Սինոփսիս» ընկերության նախագահ և համատնօրեն Չին-Ֆուն Չանը, ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և ԳՏԿ ծրագրի պատասխանատու Բելլա Հարությունյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, ծանոթացել այստեղ գործունեություն ծավալող ընկերությունների աշխատանքներին, որից հետո հանդես են եկել համատեղ ասուլիսով և խոսել Սինոփսիսի կողմից իրականացվող նախաձեռնությունների ու ծրագրերի մասին։ Գյումրիում ընկերությունը արդեն սկսել է կրթական և վերապատրաստման ծրագրերի իրականացումը, այժմ համագործակցություն կա
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի
և այլ բուհերի հետաքրքրված ուսանողների ու շրջանավարտների հետ։ Ինչպես նշում են ընկերության պատասխանատուները, Սինոփսիսը Գյումրիում հիանալի հանգրվան է գտել և քայլեր է ձեռնարկում շոշափելի ձեռնարկներ կյանքի կոչելու համար։ Որպես աշխարհի ծրագրային ապահովման 15-րդ խոշորագույն ընկերություն՝ Սինոփսիսն ունի էլեկտրոնային նախագծման ավտոմատացման և կիսահաղորդչային մտավոր սեփականության համաշխարհային շուկայում առաջատար լինելու երկարատև պատմություն։ Ունենալով ավելի քան 850 որակյալ հայ մասնագետներ՝ Սինոփսիսը Հայաստանի ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուներից մեկն է և այժմ գործնական հմտություններ ունեցող մասնագետներ պատրաստելու համար հստակ ծրագրեր է իրականացնում Գյումրիում, ինչը նպաստելու է տեղի մասնագետներին մոտիվացնելուն և տեղում գործունեություն ծավալելուն։