Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այցելել է Արփի խոշորացված համայնք

27.11.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այցելել է Արփի խոշորացված համայնք։ Մինչ բնակավայրերում շրջայցի մեկնարկը՝ համայնքապետարանում անցկացվել է խորհրդակցություն աշխատակիցների, ավագանու անդամների մասնակցությամբ։ Քննարկվել են համայնքի խնդիրներին, առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր։
«Շիրակի մարզում, իհարկե, չկա բնակավայր, որտեղ խնդիր չլինի, բայց մեր մարզում չկա համայնք, չկա բնակավայր, որտեղ հնարավոր չէ գտնել խնդրի լուծման բանալի, որովհետև մեծ ներուժ ունեն մեր համայնքները։ Մեր այցելությունների ու քննարկումների նպատակն է լսել ու ձեզ հետ միասին, ձեզ հետ համագործակցության արդյունքում գտնել խնդիրների լուծման ուղիները»,- հանդիպման ժամանակ նշել է Տիգրան Պետրոսյանը։
Համայնքում կարևորել են հատկապես Ամասիա-Բերդաշեն ճանապարհի նորոգումը, որը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։ Այստեղ ոգևորությամբ արձանագրել են, որ ուրախությամբ են ընդունել կառավարության որոշումը 2020-ին Բերդաշենում նոր դպրոցական շենքի կառուցման մասին։ Ներկայումս Բերդաշենի դպրոցականների տարրական հատվածը համայնքում է ուսանում, մյուս մասը՝ Զորակերտում։ Շիրակի մարզպետն այցելել է նաև Գառնառիճի դպրոց։ Դպրոցը վատթար վիճակում է գտնվում, հիմնանորոգման կարիք ունի, սակայն 1700 քառ․ մ մակերեսով դպրոցում այժմ 40 աշակերտ է սովորում՝ Եղնաջյուր, Շաղիկ, Գառնառիճ բնակավայրերից։ Շիրակի մարզպետը նշել է, որ կառավարությունը քայլ-քայլ առաջ է գնում նմանօրինակ խնդիրների լուծման հարցում։
Մարզային իշխանությունները եղել են նաև մարզի հեռավոր բնակավայրեիրց մեկում՝ Շաղիկում։ 41 կմ հեռավորությամբ բնակավայր հասնելու համար բավական երկար ժամանակ է անհրաժեշտ՝ վատ ճանապարհների պատճառով։ 2050 մ բարձրության վրա գտնվող Շաղիկում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում։ Այստեղ հանդիպման ժամանակ ևս Տիգրան Պետրոսյանն անդրադարձել է մարզի հյուսիսի հնարավորությունների ու ներուժի օգտագործման մասին՝ կարևորելով գյուղական տուրիզմի և Արփի լճի ալպիական գոտու զարգացումը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32