Նորություններ
Շիրակի մարզի դպրոցներին Շիրակ ֆուտբոլային ակումբի կողմից հատկացվել է 150 համակարգիչ
01.04.2020
Շիրակի մարզի դպրոցներին Շիրակ ֆուտբոլային ակումբի կողմից հատկացվել է 150 համակարգիչ՝ հեռավար ուսուցումն ավելի մատչելի դարձնելու նպատակով։
Այսօր ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչները, նախնական պայմանավորվածության համաձայն, համակարգիչները բերել են մարզ, որոնք մեկ-երկու օրում կհատկացվեն մարզի դպրոցներին, որտեղից էլ կբաշխվի 3 և ավելի դպրոցական ունեցող այն ընտանիքներին, որոնք չունեն համակարգիչներ։
«Մեզ համար շատ ողջունելի նախաձեռնություն է, որն ապագային է միտված։ Հեռավար ուսուցմանն անցման առաջին իսկ օրից փորձում էինք անել ամեն ինչ անապահով ընտանիքների համար ուսուցումը հասանելի դարձնելու առումով, խոսքը ինչպես համակարգչային բացին է վերաբերում, այնպես էլ համացանցի հասանելիությանը»,- նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետորսյանը։
Հեռավար ուսուցման մեկնարկի հետ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը սկսել է ուսումնասիրությունները՝ պարզելու մարզի դպրոցականների ընդգրկվածության ցուցանիշները։
«Մեզ համար կարևորն այն է, որ մարզի բոլոր դպրոցականները հեռավար ուսուցումից դուրս չմնան, խոսել ենք տարբեր կազմակերպությունների և բարերաների հետ, որպեսզի կարողանանք բացը լրացնել ու թիրախային ընտանիքներին համակարգիչներով ապահովել։ Շատ ուրախալի էր, որ Շիրակ ֆուտբոլային ակումբի նախագահը արձագանքեց և նման նախաձեռնությամբ հանդես եկավ, որի համար մենք շնորհակալ ենք։ Այսուհետ էլ կաշխատենք ամեն ինչ անել հեռավար կրթության առումով թերացումները բացառելու համար»,- լրագրողների հետ զրույցում նշել է կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։
«Շիրակ ֆուտբոլային ակումբի նախագահ, գործարար Արման Սահակյանի այս նախաձեռնության նպատակը Շիրակի մարզի դպրոցներին և դպրոցականներին աջակցելն է, որպեսզի արտակարգ դրության պայմաններում նրանք դուրս չմնան կրթական գործընթացից»,-ընդգծել է Շիրակ ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչ Կարեն Սոսյանը։
Նշենք, որ համակարգիչները տրամադրվելու են մարզի այն դպրոցներին, որտեղ նույն ընտանիքից սովորում են երեք և ավելի երեխաներ և չունեն համակարգիչներ, արտակարգ դրության ավարտից հետո համակարգիչները կտնօրինեն դպրոցները՝ լրացնեով դպրոցներում առկա տեխնիկական բացերը։