Նորություններ
Օգնություն խիստ կարիքավոր ընտանիքներին
09.04.2020
Կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության մեկնարկի հետ Շիրակի մարզպետարանը սկսել է աշխատանքները մի շարք բարեգործական կազմակերպությունների, անհատների ու ընկերությունների հետ՝ խոցելի խմբերի կարիքները հոգալու նպատակով։ Սահմանված կարգով, պահեստավորման տարածք է նախատեսվել, որտեղ հավաքվում, տեսակավորովում և փաթեթավորվում է ամբողջ պարենը։ Մինչ օրս պարենային փաթեթներ են ստացել մի շարք ընտանիքներ։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով անցած ժամանակահատվածում իրականացված աշխատանքների մասին, նշել է, որ ամեն ինչ արվել է և շարունակվում է իրականացվել թիրախային բոլոր խմբերին անհրաժեշտ օգնություն հասցնելու համար։ «Մեր աշխատանքը միտված է եղել հնարավորինս արագ և օբյեկտիվ գործիքներ մշակել թիրախ խմբերին օգնություն հասցնելու և կրկնությունները բացառելու համար։ Արդեն իսկ համագործակցել ենք միջազգային և տեղի մի շարք բարեգործական կազմակերպությունների հետ։ Նրանց տրամադրած օգնությունը բաշխվելու է ինչպես հաշվի առնելով նրանց նախանշած թիրախ խմբերը, այնպես էլ՝ մեր կողմից կազմված ցուցակները։ Օրինակ, «IDEA» և «Շառլ Ազնավուր» հիմնադրամները նախապատվությունը տվեցին Բարեկամության այգու բնակիչներին, ամերիկացի բարերարներից մեկը նախընտրեց օգնել Թռչունյան տան ընտանիք վերադարձած երեխաներին, պատգամավորական նախաձեռնություններ կային, որոնք օգնեցին բազմազավակ ընտանիքներին»։
Հաշվի առնելով համավարակի պատճառով խոցելի խմբերի վատթարացող սոցիալական վիճակը՝ Շիրակի մարզպետարանը կարևորում է նաև այն ընտանիքներին աջակցություն տրամադրելը, որոնք տուժել են հատկապես արտակարգ դրության ընթացքում։ Այսպես, USAID-ի «Մի բան անենք» նախաձեռնության տրամարդած 1000 սննդային փաթեթների կեսը մարզպետարանը բաշխել է «Պարենային շտապ օգնություն» ծրագրի հետ համագործակցելով։
«Մեր խնդիրն այն է, որ աղքատության և գործազրկության ամենաբարձր ցուցանիշն ունեցող մարզի ազգաբնակչությունը պետական լայնածավալ աջակցության ծրագրերի հետ նաև կարիքների հստակ գնահատում իրականացնել և պարենային աջակցություն տրամադրել խոցել այն խմբերին, որոնք որևէ օգնություն չեն ստացել»։
Եվս 2000 պարենային փաթեթներ կտրամադրի «Ռուսաստանի հայերի միությունը», որոնք արդեն կբաշխվեն մարզի գյուղական համայնքների թիրախային խմբերի ընտանիքներին։
Բացառելով անմիջական շփումներն ու կուտակումները՝ սննդային փաթեթները տեղ են հասցվում նախապես ձևավորված կամավորական խմբերի միջոցով։
«Դեռ արտակարգ դրության մեկնարկին մենք հայտարարություն տարածեցինք և ստեղծեցինք կամավորների խմբեր, որոնք պատրաստ էին մարզում աջակցել մեզ տարբեր աշխատանքներ իրականացնելիս։ Հավաքագրվեց մոտ 200 կամավորի տվյալ։ Մի շարք կամավորներ ընդգրկված են այս սննդային բաշխումների գործընթացում և մենք անչափ ուրախ ենք, որ մեր մարզում այսքան պատրաստակամ ու օգնության ձեռք մեկնող քաղաքացիներ ունենք»,- նշել է մարզպետի օգնական Էմմա Բաղդասարյանը։
Նշենք, որ պարենային փաթեթները բոլոր ընտանքիների համար նույնն է, աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։