Նորություններ
Շիրակի մարզի Ամասիա և Սարապատ համայնքներին տրամադրվել է 11 մոտոբլոկ
13.05.2020
Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ այսօր Շիրակի մարզի Սարապատ և Ամասիա խոշորացված համայնքների 15 գյուղական բնակավայր ստացավ 11 մոտոբլոկ: Սարքավորումները ռոտացիոն եղանակով կօգտագործվեն համայնքներում առավել խոցելի արտադրողների կողմից: Այս աջակցությունը հանդիսանում է Եվրոպական միության կողմից Հայաստանին անմիջական օգնության մի մասը` գյուղատնտեսական ոլորտում COVID-19 ճգնաժամի հետևանքները մեղմելու համար:
Սարապատին 5 մոտոբլոկ է տրամադրվել 6 գյուղական բնակավայրերի համար՝ Գոգովիտ, Սարապատ, Մուսայելյան, Արփենի, Ցողամարգ, Թորոսգյուղ:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ողջունեց ներկաներին և կարևորեց ծրագրի իրականացումը Շիրակի մարզում․ «Համաճարակի արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ պարենային անվտանգությունն ու գյուղատնտեսության շարունակական զարգացումը դառնում են խիստ կարևոր առաջնահերթություններ և այս տեսանկյունից առաջնային են դառնում գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիական լուծումները և հողի մշակման ծավալների աճը։ Ուրախ եմ, որ մեր գործընկերները Եվրոպական միությունից արձագանքեցին մեր այս կարիքներին և այսօր, մեր համագործակցության բարձր մակարդակը պահելով, ստանում ենք թիրախային կարևոր աջակցություն Շիրակի մարզի Ամասիա և Սարապատ համայնքների տնտեսվարողների համար»։
«Այս մոտոբլոկերի ձեռքբերման անհրաժեշտությունն առաջ է եկել ընդամենը մեկ ամիս առաջ մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում: Եվրոպական միության աջակցությամբ Ավստրիական զարգացման գործակալությանը հաջողվել է ժամանակին կազակերպել գյուղտեխնիկայի մատակարարումն այնպես, որ այն օգտագործվի ընթացիկ սեզոնին` հնարավորություն ընձեռելով գյուղատնտեսության մեջ խոցելի խմբերին լինելի նքնաբավ և կայուն», - նշեց ԵՄ- GAIA ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը:
Մոտոբլոկերի մատակարարման ժամանակ հուշագրեր ստորագրվեցին Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանիև Ամասիայի համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ: Բացի այդ, շահառուներին ցուցադրվեց, թե ինչպես լավագույնս և արդյունավետորեն օգտագործել նոր սարքավորումները:
Հաշվի առնելով խոցելի արտադրողների կարիքները, Եվրոպական միությունն ու Ավստրիական զարգացման գործակալությունը, որն իրականացնում և համաֆինանսավորում է ԵՄ-ի Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA ծրագիր), ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու մարզպետարանների հետ սերտ համագործակցությամբ, պայմանավորվեցին Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերի համայնքներին տրամադրել փոքրածավալ հողագործական մեքենաներ (մոտոբլոկեր)`մեղմելու ներկայիս COVID-19 ճգնաժամի սոցիալ-տնտեսական ազդեցությունը: Միջոցառումներն ուղղված են ծրագրի թիրախային մարզերի առավել խոցելի խմբերին:
ԵՄ-GAIA ծրագրի մասին
ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA) ֆինանսավորվում է Եվրամիության կողմից (9,7 միլիոն եվրո) և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (2 միլիոն եվրո) կողմից: Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Ծրագրի կառավարության գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: ԵՄ- GAIA ծրագիրն աջակցում է կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը, մասնավորապես` Հայաստանի հյուսիսային մարզերում` Շիրակում, Լոռիում և Տավուշում: Ծրագիրն իրականացվելու է առաջիկա երեք տարվա ընթացքում: