Նորություններ
Հանդիպում տուրիզմի ոլորտի պատասխանատուների հետ
27.05.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպել է տուրիզմի ոլորտի մի շարք պատասխանատուների, մարզում գործող թանգարանների, հյուրանոցների, հյուրատների, ռեստորանների ներկայացուցիչների։ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ նախաձեռնության նպատակը ոլորտի պատասխանատուների հետ մտահոգությունները կիսելը, նրանց խնդիրների մասին լսելն է և որ ամենակարևորն է՝ համավարակով պայմանավորված ոլորտում վերափոխումներ իրականացնելը, նոր մոտեցումներ մշակելը։
«Որևէ մեկի համար նորություն չէ, որ տուրիստական տեմպերն այլևս չկան և այս բնագավառում խնդիրներից խուսափել հնարավոր չի եղել։ Եվ եթե արտաքին տուրիզմի մասին խոսելը շատ վաղ է, գոնե ներքին տուրիզմի հնարավորությունների հետ պետք է հաշվի նստենք։ Մենք պետք է կարողանանք մարզի հնարավորությունները ներկայացնել հենց հաշվի առնելով համավարակի պայմաններում մարդկանց ակնկալիքներն ու անվտանգությունը»,- նշել է Տիգրան Պետրոսյանը։
Ծավալվել է հետաքրքիր և կառուցողական քննարկում, մարզպետը լսել է բոլոր պատասախանատուների մտահոգություններն ու առաջարկները։ Անդրադարձ է եղել մարզի մրցակցային առավելություններին, կարևորվել է ոլորտի ներկայացուցիչների համագործակցությունն ու համատեղ ծրագրերի և քայլերի մշակումը։