Նորություններ
Յուրաքանչյուր կյանքի համար մենք պետք է կռիվ տանք և պարտք ունենք յուրաքանչյուր կյանքի համար․ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան
24.06.2020
Շիրակի մարզպետն այսօր հանդիպել է մարզի բուժհաստատությունների և առողջության առաջնային օղակի ղեկավարների հետ։ Տիգրան Պետորսյանն անդրադարձել է համավարակի ընթացքում մարզի առողջապահական հաստատությունների գործունեությանը՝ կարևորելով զգոնության պահպանումն ու բոլոր կառույցների համագործակցությունը։
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակում ամենաառաջին տեղում հայտնվել է հենց առողջապահական համակարգը, որի աշխատանքն արդեն քանի ամիս է գերլարված է և պատասխանատու, սակայն ամենալարված աշխատանքում մենք պետք է կարևորենք մեր բնակիչների առողջության պահպանումը, նրանց կյանքերը փրկելու համար պետք է կռիվ տանք ու դա մեր բոլորի պարտքն ու պատասխանատվությունն է։ Այստեղ թերանալը, միմյանց հետ չհամագործակցելը, բացթողումներ ունենալը պետք է հնարավորինս բացառվի»։
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել համավարակի ընթացքում հաստատությունների աշխատանքում առաջացած հիմնախնդիրներին, քննարկվել են դրանց լուծմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպմանը, մասնավորապես, առողջության առաջնային օղակի աշխատանքին առնչվող հարցեր, կարևորվել է առաջնային օղակի պատասխանատու և օպերատիվ աշխատանքը, որն հնարավորություն է տալու նվազեցնել «Գյումրի բժշկական կենտրոն» կորոնավիրուսային հիվանդությամբ չհաստատված պացիենտների տեղափոխումը։