Նորություններ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Արթիկի նախկին տարածաշրջանի մի շարք համայնքներ
22.07.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Արթիկի նախկին տարածաշրջանի մի շարք համայնքներ: Հոռոմ համայնքում համայնքապետարանի պատասխանատուների ևավագանու անդամների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքին, առաջիկա անելիքներին և առկա խնդիրներին վերաբերող հարցեր։ Հոռոում վերանորոգվում է Սբ․ Հռիփսիմե եկեղեցին, Շիրակի մարզպետարանը դեռ 2017-ին պատվիրել է եկեղեցու վերականգնման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերը։ «Շինարար 97» կազմակերպությունը 2018 թվականին իրականացրել է շուրջ 12 մլն դրամի աշխատանք, այս տարի դեռ աշխատանքներ չեն մեկնարկել։ Իրականացվում են նաև համայնքի ոռոգման ներքին ցանցի անցկացման աշխատանքները։ 89 մլն 476 հազար դրամ արժողությամբ ծրագիրն իրականացվում է «Գյուղական տարածքների տնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» -ի կողմից, համայնքն իրականացնում է հինգ տոկոս համաֆինանսավորում։ Անցկացվելու է մոտ 3 կմ ոռոգման ցանց։
Շիրակի մարզպետն այցելել է նաև Վարդաքար և Նոր Կյանք համայնքներ։ Տիգրան Պետրոսյանը կարևորել է համայնք - պետություն համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրերը՝ նշելով, որ սուբվենցիոն ծրագրերի իրականացմամբ հնարավոր կլինի քայլ առ քայլ լուծել տարիներ շարունակ կուտակված հիմնահարցերը։ Նոր Կյանքում 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կխճապատվի և տուֆ քարով կսալապատվի ներհամայնքային թվով 7 փողոց։ Ծրագրի ընդհանուր արժեքը 32 մլն 53 հազար դրամ է, պետությունը կհատկացնի գումարի 55%-ը, համայնքը՝ 45%-ը:
Մարզպետը զրուցել է համայնքների բնակիչների հետ, լսել նրանց մտահոգությունները, հորդորել պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները, անդրադարձ է կատարվել նաև առաջիկա բերքահավաքին, ինչպես նաև պետության կողմից ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրին և մարզի գյուղացիական տնտեսությունների այդ ծրագրից օգտվելու հնարավորություններին։