Նորություններ
Քարաբերդի դպրոցի տանիքի կառուցման աշխատանքներն ավարտված են
25.11.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի դեռևս սեպտեմբերի սկզբին արված միջնորդությունը «Հայաստանի բանկերի միության» կողմից քննարկվեց ու օպերատիվ արձագանք ստացավ։ Մայիսի 25-ին ուժեղ քամու պատճառով քանդված տանիքի նորոգման համար «Հայաստանի բանկերի միությունը» տրամադրեց 8 մլն դրամ։ Շինարարական աշխատանքներն ավարտված են։ Դպրոցում լիարժեք դասապրոցես է իրականացվում։
«Քարաբերդի դպրոցի տանիքի նորոգումը «Հայաստանի բանկերի միության» հետ մեր համագործակցության շարունակությունն է, ինչի համար մենք շնորհակալ ենք, լավագույն հարաբերությունների և համագործակցության արդյունքում այսօր Քարաբերդում դասապրոցեսը վերականգնված է»,- նշում է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
«Մեզ համար շատ կարևոր է մերկրի համար այս դժվարին օրերին չմոռանալ նաև կրթական պայմանների բարելավմանը միտված ձեռնարկները։ Ուրախ ենք, որ Հայաստանի բանկերի կողմից Շիրակի մարզպետարանի առաջարկը քննարկվեց և բավարարվեց, հիմա Քարաբերդի դպրոցականները կարող են դպրոց հաճախել»,- ընդգծեց «Հայաստանի բանկերի միության» գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։
Քարաբերդի դպրոցն ունի 140 աշակերտ։ Հիշեցնենք, որ ուժեղ քամու պատճառով դպրոցի 700 քմ մակերեսով տանիքն ամբողջովին քանդվել էր, որի հետևանքով տեղումներն անարգել ներթափանցում էին շենք՝ վնաս հասցնելով երկաթբետոնյա ծածկին և հիմնական պատերին։ Դպրոցն այժմ ունի ներքին հարդարման ու վերանորոգման կարիք։