Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է Շիրակի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը

29.12.2020

Այսօր կայացել է Շիրակի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ հայրենիքի համար ամենաթանկը՝ կյանքը զոհաբերած հայ զինվորների։ Այնուհետև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը համայնքի ղեկավարներին է ներկայացրել մարզպետի տեղակալ Պողոս Աբրահամյանին և նրան հաջողություններ մաղթել աշխատանքում։
«2020 թվականը մարտահրավերներով լի տարի էր, աննախադեպ խնդիրներով այս տարին սկսվեց համավարակով, այնուհետև պատերազմով շարունակվեց։ Ես ուզում եմ գոհունակությունս հայտնել մեր համայնքների ղեկավարներին, որոնք թե համավարակի բռնկման օրերին, թե պատերազմի ժամանակ ամեն ինչ արեցին, որ կարողանանք պայքարել այս դժվարությունների դեմ»,- նշել է Տիգրան Պետրոսյանը։
Այնուհետև տարեկան հաշվետվությամբ հանդես են եկել ոլորտային պատասխանատուները:
Մասնավորապես, նշվել է, որ Շիրակի մարզում քաղաքաշինության բնագավառում 2020թ. ընթացքում պետական բյուջեի միջոցներով և այլ ֆինանսական աղբյուրներով իրականացվել են շուրջ 30.951 մլրդ դրամ գումարի կապիտալ ներդրումներ, որից մարզում ճանապարհաշինության բնագավառում ներդրումների ծավալը կազել է շուրջ 21,83 միլիարդ դրամ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 68 տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաներ ստանալու նպատակով ծրագրային հայտեր, որից 60 ծրագրեր գնահատման միջգերատեսվաչան հանձնաժողովի կողմից հավանությանն է արժանացել։
2019 թվականի համեմատությամբ 2020թ. շուրջ 1100 հեկտարով պակասել են աշնանացանի ցանքատարածությունները, սական 630 հա-ով ավելացել գարնանացանի, 50 հա-ով հատիկընդեղենային մշակաբույսերի, 230 հա-ով կարտոֆիլի և 20 հա-ով տեխնիկական մշակաբույսերի ցանքատարածությունները։ 2021թ. բերքի տակ ցանվել է 14894 հա աշնանացան ցորեն, նախորդ տարվա 14791 հա-ի դիմաց:
2020թ. դեկտեմբերի 28-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել է 76.1 %-ով։ Գյումրին սեփական եկամուտները կատարել է 82.6%, Արթիկ քաղաքը` 77.9%: Մարզի 27 համայնքներ չեն ապահովել 2020թ. տասներկու ամիսներին արձանագրված սեփական եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը` 76.1%-ը:
Մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը 2020 թվականին զբաղվել է ինչպես Արցախից ժամանած ընտանիքների խնդիրներով, այնպես էլ համավարակի ժամանակ իրականացրել է քաղաքացիների առաջնային կարիքի գնահատումներ, գիշերօթիկ հաստատությունների լուծարման և հատուկ դպրոցների՝ ՏՄԱԿ-ների վերակազմակերպման գործընթացով պայմանավորված աշխատանքներ։
Տարին բարդ ու պատասխանատու է եղել հատկապես առողջապահության բնագավառի համար։ Շիրակի մարզում համավարակի սկզբից մինչ դեկտեմբերի 14-ը ներառյալ արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 5899 դեպք, որից 213-ը 0-18 տարեկանների մոտ։ Գրանցվել է մահվան 121 դեպք։ Նշված ժամանակահատվածում մարզում իրականացվել է կորոնավիրուսի 25067 հետազոտություն, որից 23713-ը՝ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Շիրակ» մասնաճյուղի լաբորատորիայում։ Դեկտեմբերի 28-ի դրությամբ ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունների հսկողության տակ, տնային պայմաններում բուժում է ստանում կորոնավիրուսային հիվանդություն ունեցող 165 պացիենտ։ Ստացիոնար բուժում ստանում է թվով 60 պացիենտ, որից Շիրակի մարզից 36, իսկ այլ մարզերից(Երևան, Արմավիր, Արագածոտն, Տավուշ, Լոռի)՝ 24 պացիենտ։
Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը երկրին խաղաղություն է մաղթել, շնորհակալություն հայտնել հայրենիքի պաշտպաններին ու առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին․ «2021 թվականը դժվար աշխատանքի տարի է լինելու, համայնքներում կան խնդիրներ, որոնք առաջացել են համավարակի ու պատերազմի հետևանքով, դրանց լուծմանն է միտված լինելու բոլորիս աշխատանքը։ Իմ հորդորն է բոլորիդ՝ առանձնահատուկ վերաբերմունք ու ուշադրություն դարձնել հատկապես այն մարդկանց և ընտանիքներին, որոնք հայրենիքի համար տվել են իրենց զավակներին ու ամուսիններին, ձեր հոգատարությունն ու վերաբերմունքը պետք է առանձնահատուկ լինի նրանց, մեր վիրավորների, գերիների ընտանքիների հանդեպ։ Բարդ տարի է մեզ սպասվում, թող 2021 –ը լինի հաջողված աշխատանքի տարի»։

Զեկույցները կցվում են

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23