Նորություններ
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հյուրընկալել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային
26.02.2021
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հյուրընկալել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Մարզպետը ողջունել է հյուրին՝ նշելով, որ տեղյակ է դեսպանության կողմից մարզում իրականացվող ծրագրերի մասին և կարևորում է դրանք․ «Ողջունում եմ Շիրակի մարզի լավ բարեկամին, պարոն Յամադա, ուրախ ենք ձեզ Շիրակում հյուրընկալելու։ Մեզ համար կարևոր է համագործակցությունն ու երկու բարեկամ երկրների միջև հաստատված կապերի ամրապնդումը։ Ինձ համար ուրախալի է, որ ձեր կողմից Շիրակի մարզում մի շարք ծրագրեր են իրականացվում, մասնավորապես, սոցիալական, էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների մասին է խոսքս։ Մենք միանշանակ պատրաստակամություն ենք հայտնում համագործակցելու և ամեն ինչ կանենք հնարավորությունների սահմաններում աջակցելու, նոր ձեռնարկներ կյանքի կոչելու համար»։
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանն էլ շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ կարևորում է անմիջական շփումները, խնդիրների համատեղ քննարկումն ու նոր ծրագրերի մշակումը. «Հարգելի պարոն Հարությունյան, ճիշտ նկատեցիք, որ ես Շիրակի բարեկամն եմ, իսկապես հասցրել եմ շատ սիրել այս յուրատիպ ճարտարապետություն ու մշակույթ ունեցող մարզն ու, մասնավորապես, Գյումրի քաղաքը։ Մեզ համար կարևոր է զգալ ձեր աջակցությունն ու պատրաստակամությունը»։
Կողմերը մտքեր են փոխանակել նոր ծրագրերի իրականացման, զբոսաշրջության, սոցիալական ու մշակութային կապերի ամրապնդմանը միտված ձեռնարկների իրականացման առնչությամբ։