Նորություններ
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն առցանց ձևաչափով մասնակցել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագրի քննարկմանը
13.03.2021
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն առցանց ձևաչափով այսօր մասնակցել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի պաշտոնական մեկնարկ-քննարկմանը, որն ազդարարել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։
«Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի ակնկալվող արդյունքները Հայաստանի տարածքային, մասնավորապես, Շիրակի մարզի զարգացման տեսլականի համատեքստում թեմայով ելույթի ժամանակ Շիրակի մարզպետն ընդգծել է ծրագրի կարևորությունը։
Շիրակի մարզի մասին խոսելով՝ Հովհաննես Հարությունյանը նշել է մարզի 2017-2025 թթ․ զարգացման ռազմավարությամբ առաջնահերթություն համարվող ոլորտները՝ զբոսաշրջությունը, ՏՏ, փոքր ու միջին ձեռնարկատիրություն ու գյուղատնտեսություն։ Անդրադարձ է կատարվել մարզի դեռևս չօգտագործված ներուժի բացահայտմանն ու ռեսուրսների ճշգրիտ օգտագործմանը։
Նշենք, որ ծրագրի գործընկերները ներկայացրել են LEAD ծրագրի հիմնական նպատակները, այն է՝ տեղական ակտիվ դերակատարների համատեղ ջանքերով համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմամբ նպաստել Հայաստանի երեք հյուսիսային մարզերի զարգացմանը և կյանքի որակի բարելավմանը: Ծրագրի արդյունքները բխում են «ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (CEPA) առաջնահերթություններից:
14.6 մլն եվրո բյուջե ունեցող 4-ամյա LEAD ծրագիրը բաղկացած է երեք ենթածրագրից: Ավստրիայի զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող և ԱԶԳ-ի կողմից իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Շիրակի մարզի զարգացման» ծրագիրը, ինչպես նաև ՄԱԶԾ և ՊԳԿ-ի կողմից իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագիրը
Երրորդ ենթածրագիրը՝ ՄՔՄՄԿ-ի կողմից իրականացվող «ԵՄ-ը հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ծրագիրն ուղղված է միգրանտների և նրանց ընտանիքերի անդամների ներուժի մոբիլիզացմանը: Ծրագիրը նպատակ ունի խրախուսել արտերկրից դրամական փոխանցումների թիրախային օգտագործումը և վերադարձող միգրանտների կամ միգրանտների ընտանիքների անդամների ֆինանսավորման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն ու բիզնեսի զարգացումը:
Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի առնվազն 250 նոր աշխատատեղ, աջակցություն կստանա ավելի քան 225 համայնքային զարգացման նախաձեռնություն, 160 գյուղական բիզնես և միգրանտների կողմից իրականացվող 150 բիզնես-նախաձեռնություն, առնվազն 500 շահառու կստանա ուսուցում՝ սեփական գործ սկսելու և բիզնեսի կառավարման վերբերյալ: Ընդհանուր թվով ավելի քան 9 000 շահառու կներգրավվի ծրագրի շրջանակում իրականացվելիք միջոցառումներում: