Նորություններ
Համապետական ծառատունկին Շիրակի մարզին կտրամադրվի 10 հազար տնկի
15.04.2021
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը Շրջակա միջավայրի նախարարությունում այսօր մասնակցել է խորհրդակցության, որի ժամանակ քննարկվել են Երևան քաղաքում և մարզերում համապետական ծառատունկը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ մի շարք օրակարգային հարցեր, գույքագրվել են բոլոր այն տարածքները, որտեղ կիրականացվի ծառատունկ, քննարկվել են մարդկային և տեխնիկական ռեսուրսի հավասարաչափ բաշխմանը վերաբերող հարցեր։
Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրել է «10 մլն ծառ» նախաձեռնության ընթացիկ իրավիճակը, ապա անդրադարձել այդ նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ին նախատեսված համապետական ծառատունկին, հորդորել գործընկերներին անել հնարավորը՝ ծառատունկի աշխատանքներն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար։
Համապետական ծառատունկի ընթացքում նախատեսվում է 200.000 տնկի տրամադրել մարզպետարաններին՝ տեղական ինքնակառավարման մարմինների և պետական գերատեսչությունների հետ համատեղ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնկարկներում նախանշված տարծքներում տնկելու համար։
Շիրակի մարզին կտրամադրվի 10.000 տնկի։
Քննարկվել են նաև տնկված ծառերի հետագա խնամքին վերաբերող հարցեր։
ℹ Հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական նախաձեռնությունները, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու համապետական ծառատունկին Շիրակի մարզում կարող են դիմել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն /հեռ. 0312-4-90-00-151/
#10մլն_ծառ #համապետական_ծառատունկ