Նորություններ
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի շնորհավորական ուղերձը վերջին դասի առթիվ
04.06.2021
Սիրելի շրջանավարտներ, շնորհավորում եմ բոլորիդ Վերջին դասի առթիվ:
Վերջին դասն ինքնատիպ ջրբաժան է մանկության հիշողությունների և հասուն կյանքի միջև։
Այսօր հրաժեշտ եք տալիս Ձեզ համար հարազատ դարձած ուսուցիչներին, դասընկերներին, որոնց հետ անցել են ձեր մանկության ու պատանեկության լուսավոր օրերը՝ լի վառ երազներով ու նպատակներով:
Վերջին զանգն ազդարարող ղողանջների ներքո դուք մուտք եք գործում նոր կյանք, որտեղ ձեզ սպասում են ինքնադրսևորման և ինքնարտահայտման անսահման հնարավորություններ։ Ձեր շնորհիվ մեր պատմության մեջ ապագայում կգրվեն նոր ու լուսավոր էջեր։
Ակնհայտ է, որ դպրոցում հարուստ գիտելիքների պաշար ստանալուց բացի, ձեռք եք բերել ամենակարևորը՝ հայրենասեր քաղաքացու, հայրենիքին պիտանի լինելու մղումը, որը ձեզ հետ է լինելու է ողջ կյանքի ընթացքում։ Այդ ամենի վկան արցախյան 44-օրյա պատերազմում մեր հերոս տղաների անձնազոհ պայքարն էր հանուն հայրենիքի ու հայ հողի։ Այս ամենի համար երախտագտության խոսքս եմ ուղղում մեր մանկավարժներին։ Սիրելի մանկավարժներ, ձեր անդուլ ու դժվար աշխատանքի արդյունքում մենք ունենք հիանալի սերունդ, որը մեր վաղվա օրն է ու մեր ապագան կերտողը։
Սիրելի շրջանավարտներ, մաղթում եմ ձեզ բարի երթ դեպի մեծ կյանք, թող իրականանան ձեր բոլոր նվիրական երազանքները։
Համոզված եմ՝ միասին հաղթահարելու ենք մեր հայրենիքին բաժին հասած բոլոր դժվարությունները։
Ձեզ կանաչ ճանապարհ և խաղաղ երկինք։