Նորություններ
Շիրակի մարզպետն ընդունել է «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի ներկայացուցիչներին
04.06.2021
Այսօր Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ընդունել է «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի ներկայացուցիչներին։ Ծրագիրն աջակցում է կայուն, ներառական, նորարական և շուկայական ագրոբիզնեսի զարգացմանը մարզերում։
Հովհաննես Հարությունյանը ողջունել է հյուրերին, կարևորել ծրագրի շարունակական իրականացումը մարզում․ «Ես տպավորված եմ «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացված աշխատանքներով։ Շիրակը գյուղատնտեսությամբ զբաղվող ու գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող մարզ է, մեզ համար շատ կարևոր են իրականացվող ծրագրերը, որոնք նպաստելու են ոլորտի զարգացմանը։ Պատրաստ ենք համագործակցության և ամեն ինչ կանենք որևէ խնդիր ու խոչընդոտ չառաջանալու համար»։
Նշենք, որ Շիրակի մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում 2020 թվականին, ծրագրի շրջանակներում, մարզի Ամասիա և Սարապատ խոշորացված համայնքներին տրամադրվել է 11 մոտոբլոկ՝ իրենց գյուղգործիքներով, որոնք կօգտագործեն համայնքներում առավել խոցելի արտադրողները: Դրանից զատ, մարզի հատիկաընդեղեն մշակող ֆերմերային տնտեսություններին անվճար հատկացվել է շուրջ 7 տոննա հատիկավոր բույսերի սերմացու, ինչի արդյունքում էլ մարզի հատիկաընդեղենային մշակաբուսերի ցանքատարածություններն ավելացել են շուրջ 50 հեկտարով։
«ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի կողմից կազմակերպված մրցույթին Շիրակի մարզից մասնակցած ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին տրամադրվել են գյուղգործիքներ, իսկ ոչխարաբուծությամբ զբաղվող 13 ֆերմերներին՝ ֆրանսիական բլանշ ցեղատեսակի տոհմային 145 գլուխ ոչխար և 15 գլուխ խոյ։