Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երկօրյա այցով Շիրակի մարզում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը

07.06.2021

 Երկօրյա այցով Շիրակի մարզում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գլխավորությամբ։ Նրանք այցելել են Գյումրիում, Արթիկում, Մարալիկում և Ախուրյանում գործող ՀՀ ԿԳՄՍ նախարարության, համայնքապետարանների և մարզական հասարակական կազմակերպությունների ենթակայությամբ գործող մարզական կազմակերպություններ, տեղերում ծանոթացել պայմաններին, զրուցել են մարզիչների և մարզիկների հետ։
Կարեն Գիլոյանը Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանի ուղեկցությամբ եղել է նաև օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման համար տրամադրված տարածքում, որտեղ արդեն մեկնարկել են հողային աշխատանքները։
Հունիսի 5-ին Գյումրու շախմատի մարզադպրոցում մարզի սպորտի բնագավառի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մարզական բազում հաջողությունների և ձեռքբերումների կողքին առկա հիմնահարցերին, որոնք վերաբերում են մարզչական ցածր դրույքաչափերին, մարզիչ-մանկավարժների սոցիալական փաթեթից չօգտվելուն, սպորտային բժշկության կենտրոնի բացակայությանը, հանրակրթական դպրոցների մարզադահլիճներին, ժամանակակից մարզագույգի պակասին, ձմեռային շրջանում մարզադահլիճների ջեռուցման դժվարություններին և այլն։
Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը պատասխանել է ներկաների հարցերին՝ կապված նաև բարձրակարգ մարզիկներին ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալու, մարզական վաշտի ստեղծման, հանրապետական առաջնությունների և մարզական զանգվածային միջոցառումների անցկացման, ինչպես նաև սպորտի ոլորտի օրենսդրական դաշտում առկա բացթողումների հետ։ Նա ներկայացրել է խնդիրների լուծման ուղղությամբ նախարարության կողմից արդեն իսկ իրականացված աշխատանքները։ Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը նշել է, որ մոտ օրերին Շիրակի մարզի մարզական կազմակերպություններին կհատկացվի որոշակի քանակով մարզագույք։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:00:15