Նորություններ
Տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը
16.07.2021
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը, որի օրակարգային առաջին հարցը վերաբերել է համայնքների բյուջեների սեփական եկամուտների առաջին կիսամյակի կատարմանը։ Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ հուլիսի 1-ի դրությամբ բյուջեների սեփական եկամուտները կատարվել է 66.1 %-ով։ Մարզի քաղաքային համայնքները 2021թ. սեփական եկամուտները կատարել են` Գյումրի քաղաքը` 71.8%, Արթիկ քաղաքը` 86.2%: 17 համայնքներ չեն ապահովել 2021թ. վեց ամիսներին արձանագրված սեփական եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը:
Շիրակի մարզպետը ցուցանիշը գոհացնող չի համարել՝ նշելով, որ ամեն ինչ պետք է արվի աշխատանքները նոր թափով իրականացնելու և չթերանալու համար․ «Ցուցանիշները ինքնին խոսում են ձեր աշխատանքի, աշխատանքում ձեր հետևողականության մասին։ Շատ վատ է, որ կան համայնքներ, որտեղ միջին ցուցանիշից էլ ցածր են գանձումները։ Հարկերի հավաքագրումը ամենից շատ հենց ձեզ են պետք, խիստ անընդունելի է պետական պարտավորությունների հանդեպ ձեր աշխատանքային մոտեցումները, այնպես որ հստակ աշխատանքային գրաֆիկով պետք է շարունակել և կարողանալ ցուցանիշները դրական առումով փոփոխության ենթարկել»։
Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ առաջին կիսամյակում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների մասին զեկուցել է մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը՝ ընդգծելով, որ համայնքների ավագանիների կողմից ընդունված որոշումներում առկա թերությունների վերացման ուղղությամբ բավական աշխատանք է կատարվել։ Չնայած նախորդ տարիների համեմատ, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրավական ակտերի ընդունման գործընթացում առկա են էական բարելավումներ, սակայն կան նաև կրկնվող թերություններ:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պարտականությունները կատարող Արաքսյա Կիրակոսյանն անդրադարձել է մարզի համայնքապետարանների պաշտոնական կայքերում և ֆեյսբուքյան էջերում տեղադրվող տեղեկատվության օպերատիվության և հավաստիության ապահովմանը՝ կարևորելով դրանց առավել գործունակ լինելն ու համայնքային կյանքն ու բնակչին հետաքրքրող հնարավոր հարցերի պատասխանները դրանցում արտացոլելը, ինչը հնարավորություն կտա զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից։
Առաջին կիսամյակում մարզի համայնքներում իրականացված ծրագրերի մասին է զեկուցել զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված 70 տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաներ ստանալու նպատակով ծրագրային հայտերից, համայնքների կողմից ամբողջական փաթեթ է ներկայացվել 62 ծրագիր։
Շիրակի մարզպետն առանձնակի կարևորել է սուբվենցիոն ծրագրերի իրականացման հարցում տեմպերի ապահովումը՝ ընդգծելով, որ դրանք գոհացնող չեն․ «Մենք պետք է բացառենք ավելորդ ժամանակային կորուստը այս ծրագրերի իրականացման հարցում, աշխատանքները պետք է իրականացվեն ամենօրյա ռեժիմով, մեզ համար ամենամեծ խնդիրը կլինի ժամանակի կորուստը, հետևողական աշխատանք է պետք թե մարզպետարանի մասնագիտական ստորաբաժանումների կողմից, թե համայնքների։ Արդեն իսկ ազդակներ ենք ստանում, որ ծավալուն շինաշխատանքների դեպքում մասնագետների պակաս կունենանք, քանի որ նրանց մեծ մասը մեկնել է արտագնա աշխատանքի»։
Օրակարգային հաջորդ հարցով հանդես է եկել առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը՝ խոսելով ոլորտում կատարված աշխատանքների մասին։ Ըստ պատասխանատուի, ամեն ինչ արվում է պատվաստումային գործընթացն արագացնելու համար։ Մինչ օրս իրականացվել է 9904 պատվաստում, որը կազմում է մարզի ազգաբնակչության 4.1 տոկոսը։
Հովհաննես Հարությունյանը համայնքապետերին կոչ է արել այս հարցում ցուցաբերել նախաձեռնողականություն՝ կարևորելով ազգաբնակչության պաշտպանվածությունը․ «Հարգելի գործընկերներ, այս գործընթացին պետք է ըմբռնումով մոտենալ։ Կառավարությունն ամեն ինչ արել է, որ պատվաստումային գործընթացը անխոչընդոտ իրականացվի, մնում է մենք էլ մեր տեղում աշխատենք, որ բնակչության շրջանում հստակ պատկերացում լինի, որ պատվաստման միջոցով հնարավոր կլինի պաշտպանված լինել և կանխել կորոնավիրուսային հիվանդության ծանր ու մահացու դեպքերը»։
Անդրադարձ է եղել նաև գյուղատնտեսության ոլորտում առկա հիմնախնդիրներին, Շիրակի մարզպետը վստահեցրել է, որ կառավարությունն ամեն ինչ անում է երաշտային տարում առաջացած հիմնահարցերի շուտափույթ լուծման համար։