Նորություններ
Գյումրիում նշվել է երկաթուղայինի օրը
30.07.2021
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր մասնակցել է երկաթուղայինների օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մի շարք պատասխանատուներ, երկաթուղայիններ, հյուրեր։
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն անդրադարձել է երկաթուղային հանգույցի կարևորությանը. «Շիրակի մարզպետարանի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի ՝ Երկաթուղայինի օրվա առթիվ: Հայաստանում ամենահին և ամենամեծ տրանսպորտային կենտրոնը՝ երկաթուղային հանգույցը, հիմնադրվել է 1897 թվականին և առաջին գնացքը Ալեքսանդրապոլ է ժամանել 1899 թվականին, հենց այդ ժամնակվանից երկաթուղային տրանսպորտը կարևոր դեր ունի Շիրակի մարզի տնտեսական և սոցիալական կյանքում։ Երկաթուղայինի օրն ինձ հմար միշտ անձնական տոն է եղել նաև, քանզի իմ պապը՝ Զոհրապ Սահակյանը, երկարամյա աշխատանքային փորձով երկաթուղային էր և մենք բոլորս շատ լավ գիտեինք երկաթուղայինի աշխատանքի կարևորությունը։ Ձեզ բոլորիդ, ոլորտի վետերաններին, աշխատողներին մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, և աշխատանքային նոր նվաճումներ»:
Շիրակի մարզպետը երկաթուղային համակարգի բնականոն զարգացման գործում ունեցած ավանդի, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալագրեր է հանձնել երկաթուղու մի շարք աշխատակիցների։ Պատվոգրեր, պարգևներ ու շնորհակալագրեր են հանձնվել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ, Գյումրու քաղաքապետի անուններից։